Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վաղը Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցով հրատապ քննարկում են նախաձեռնել։
Քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում։
Ընդդիմությունը պահանջում է ԱԺ հայտարարություն ընդունել՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պատանդներին։
«Ադրբեջանական ագրեսիայի եւ արցախահայության բռնի տեղահանման հետեւանքով ավելի քան 1 տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի Հանրապետության բազմաթիվ հայազգի քաղաքացիներ, իրենց տունն ու հայրենիքը պաշտպանող անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին պահելն ու խոշտանգելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանք է, որի դրսեւորումները չեն դադարում մինչ օրս, այլեւ առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ»։
Նման պայմաններում, ըստ ընդդիմադիրների, Բաքվում COP-29-ի անցկացմանը զուգընթաց` «ՀՀ ԱԺ-ն պարտավոր է վերաբերմունք արտահայտել այս անմարդկային եւ միջազգային իրավունքի համաձայն դատապարտելի երեւույթին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով եւ ակնկալելով վերջինիս ազդեցության կիրառումը՝ պահանջելով Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել գերեվարված եւ պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մյուս բոլոր հայ գերիներին»։
Հայտարարության նախագծի զեկուցողը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։