Քրեական հեղինակությունը սպառնացել է իրավաբանով

Քրեական պատմություններով հայտնի Բանդուրյան եղբայրներից ` Արա Բանդուրյանի հետ կապված սկանդալային միջադեպի մասին նոր փաստեր են հայտնի դարձել Blic.am-ին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Արա Բանդուրյանը իշխանափոխությունից հետո դեպրեսիոն վիճակի մեջ է և ոչ մի կերպ չի համակերպվում այն փաստին, որ «բեսպրիդելը» այլևս գոյություն չունի:

Անդրադառնալով սկանդալային միջադեպին նախորդած դեպքերին՝ նշենք, որ, մեր տեղեկություններով`գազալցակայաններից մեկում գտնվող Բանդուրյան եղբայրներին պատկանող խաղային ապարատով մեծ գումար տարված հաճախորդը փորձել է կոտրել խաղային ապարատը: Այդ մասին տեղյակ են պահել Արա Բանդուրյանին և վերջինս անմիջապես հայտնվել է մի քանի ավտոմեքենաների ուղեկցությամբ:

Նա զայրացած հաճախորդից հետաքրքրվել է թե ինչո՞ւ է կոտրում խաղային ապարատը, բայց վերջինս պատասխանել է, որ լավ է անում:

Նախկինում «լավ անող»-ը տեղում կստանար իր պատասխանը, սակայն Արա Բանդուրյանը համբերատար լսել և միայն ասել է․ «Այդ դեպքում մեր իրավաբանը քեզնով կզբաղվի»:

Փաստորեն Արա Բանդուրյանը դեմ է գնացել իր սկզբունքներին՝ վախենալով երկրում ստեղծված նոր իրավիճակից, ստիպված է եղել օրենքով հարցը կարգավորել:

Մեր տեղեկություններով` այս դեպքն է պատճառ դարձել, որ նա այս աշխարհից «դառնացած», հենց այնպես կրակոցներ արձակի և իր եղբորը`«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Ալիկ Բանդուրյանին հյուր գնա:

Հիշեցնենք`հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ էր ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ էր արձակել: Բանդուրյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ սպանության դրդելու մեղադրանքով պատիժ է կրում նրա եղբայրը`քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը: