Իշխանությունների հետ հանդիպման ժամանակ քննարկվող հարցերից մեկը եղել է Արցախի հարցը: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը:
«Այո, խոշոր բաժինը վերաբերում է Արցախյան բանակցություններին եւ դրանից անկախ մեր տանելիք աշխատանքների մասին տեղեկատվության փոխանակումն է, օրինակ ինչպես ենք տանում ինքնորոշման իրավունքի շեշտավորումը բոլոր երկրներում, որտեղ ենք թիրախավորում, որ ուղղակի Արցախի ճանաչման աշխատանք տանենք, նաեւ ինչպես կարելի է օժանդակել Արցախին տնտեսապես, ֆինանսական միջոցներով: Մենք Արցախից երիտասարդներ ենք ստանում, որոնք աշխատում են մեր հանձնախմբերում»,-ասաց նա:
Խաչատուրյանն ընդգծեց, որ 2020 թվականն իրենց համար կարեւոր տարի է, որովհետեւ Սեւրի դաշնագրի 100-ամյակն է. «Այդ առումով ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ Ֆրանսիայում, Սեւրում մեր կատարելիք աշխատանքների մասին տեղեկություններ փոխանցեցինք: Վաշինգթոնում մեր կազմակերպելիք մեր ձեռնարկների մասին տեղեկություն փոխանցեցինք: Բնականաբար դրանք աշխատանքներ են, որոնք ավելի հեշտ մենք կարող ենք անել, քան պետությունը, որը մի քիչ զգուշավորություն է ցույց տալիս, քանի որ այնտեղ հողային պահանջատիրության բաղադրիչ:
Մեզ համար Սեւրը կարեւոր պարտամուրհակ է հայ ժողովրդի նկատմամբ, որը պետք է կատարվի երեք կենտրոններում՝ Վաշինգթոն, Փարիզ եւ Հայաստան»,-ասաց նա: