Այսօր առավոտից ախտահանիչ նյութերի նոր խմբաքանակների մատակարարումներ են տեղի ունեցել. ՏՄՊՊՀ նախագահ

ՀՀ կառավարությունն աշխատում է գործարարների միջոցով դիմակների նոր խմբաքանակներ ներմուծելու ուղղությամբ, բայց դրանց գներն աշխարհում արդեն բարձրացել են եւ եթե անգամ ներմուծվեն, վաճառվելու են արդեն ավելի բարձր գնով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նա ներկայացրեց ՀՀ 90 դեղատներում կատարված ուսումնասիրության արդյունքները։

«Որեւէ խոշոր ներկրողի մոտ որեւէ դիմակի գին չի բարձրացվել։ Այս պահին, այո, կան ցանցեր, որտեղ դիմակներ չկան, բայց արհեստականորեն որեւէ դիմակի գին խոշոր դեղատնային ցանցերում չի բարձրացել։ Այսինքն`այն տեղեկությունները, թե արհեստական դեֆիցիտ, գների չհիմնավորված բարձրացում կա, իրականությանը չեն համապատասխանում: Դեֆիցիտն արհեստական կլիներ, եթե տնտեսվարողներն ունենային դիմակներ ու պահեին պահեստներում՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու համար։ Այսօր կա միայն որոշակի խմբաքանակ, որը պահեստավորված է առողջապահական հիմնարկների, սահմանում աշխատող մարդկանց համար։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ արհեստական դեֆիցիտ գոյություն չունի։ Դիմակների դեֆիցիտ այսօր ոչ միայն Հայաստանում է, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասաց Գեւորգյանը

Նրա խոսքով՝ դիմակների գները բարձրացրել են միայն փոքր դեղատները, որոնցում դրանք վաճառվում են 200-300 դրամով։

«Նույնիսկ մեզ ուղարկում են, որ «List.am»-ով են վաճառում կամ «Facebook»-ով են հայտարարություն տալիս։ Բայց դրանք տնտեսվարող սուբյեկտներ չեն, մեր տիրույթում չեն գտնվում։ Իսկ հիմնական ծավալ ապահովող ընկերություններն այս պահին գնային փոփոխություն չեն իրականացրել»,- ասաց Գեւորգյանը։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանից բժշկական դիմակներ արտահանել են ոչ թե ներկրողներն ու խոշոր ընկերությունները, այլ մանրեները, որոնք գնել են ներկրված դիմակներն ու արտահանել։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ ախտահանիչ, ալկոգել նյութերի դեֆիցիտ Հայաստանում նույնպես առաջացել է կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտարարությունից հետո: Սակայն միայն այն պատճառով, որ շաբաթ-կիրակի օրերին մատակարարումներ չեն եղել։ Գեւորգյանն ասաց, որ այսօր առավոտից նոր խմբաքանակների մատակարարումներ են տեղի ունեցել, իսկ տեղական արտադրողը վերազինվում է` ավելի մեծ ծավալի արտադրություն սկսելու համար։

Հայաստանում ՏՄՊՊՀ տվյալներով, ախտահանիչ նյութեր արտադրում են 3 ընկերություններ, որոնք գները չեն բարձրացրել ու չեն էլ բարձրացնելու։

Խոսելով դեղերի շուկայում հնարավոր գների բարձրացման մասին նա նշեց, որ խոշոր խանութներում թանկացումներ չկան։ ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ խնդիրն այն է, որ կորոնավիրուսի բուժման համար դեռ չկա որեւէ դեղամիջոց, այսինքն`ապացուցված չէ, որ, օրինակ, «Տերաֆլյուն» կարող է օգնել կորոնավիրուսի բուժմանը։