Աշխարհը պատուհասած նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն գերազանցում է 3 հազարը: Այս թվերը թարմացվել են, երբ ստացվել են երեկ Չինաստանի տարբեր շրջաններում մահացած 42 անձի տվյալները:
Շարունակ թարմացվող վիճակագրության տվյալների համաձայն, վիրուսակիրների տվյալների 90 տոկոսը չինական Հուբեյ նահանգից է ստացվում, որտեղ տեղակայված է կորոնավիրուսի տարածման աղբյուր հանդիսացող Ուհան քաղաքը: Առայժմ, Չինաստանից բացի, կորոնավիրուսից մահացածության դեպքեր են գրանցվել աշխարհի 10 երկրներում միայն:
Ավելի քան 50 մարդ է մահացել Իրանում, 30-ից ավելի մարդ՝ Իտալիայում: Մահացու դեպքերը կազմում են հիվանդների ընդհանուր թվի 2-5 տոկոսը: Համեմատության համար կարելի է նշել, որ սովորական գրիպով հիվանդանալու հետեւանքով մահացածության թիվը կազմում է 0.1 տոկոս:
Այնուամենայնիվ, ծանր սուր շնչառական համախտանիշի (SARS) եւ Մերձավոր Արեւելքում տարածված շնչառական համախտանիշով կորոնավիրուսից (MERS) մահացությունների մասնաբաժինը զգալիորեն ավելի բարձր էր, քան այժմ աշխարհում տարածվող Covid-19 նոր տիպի կորոնավիրուսից:
Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 90 հազար դեպք: Այժմ վիրուսն ավելի արագորեն է տարածվում Չինաստանի սահմաններից դուրս, քան հենց Չինաստանի տարածքում: Վերջին տվյալներով, աշխարհում վիրուսով վարակվածների մեծամասնության մոտ այն լինում է թեթեւ տեսակի՝ շուտ առողջացմամբ:
նկարում՝ կորոնավիրուսի տարածումն աշխարհում՝ ըստ ԱՀԿ-ի
Իտալիայում 2 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծացել է 2 անգամ: Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Այստեղ հիվանդությունից մահացել է 34 մարդ եւ հաստատվել է վիրուսի առկայություն 1694 մարդու մոտ: Ի դեպ, աշխարհահռչակ Amazon ընկերությունը հայտարարել է, որ իր 2 աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով:
Այսօր Սեուլի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսով հիվանդացության 476 նոր դեպքի մասին: Այսպիսով, Հարավային Կորեայում այս վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 4212, երկրում մահացել է 26 հիվանդ: Հարավային Կորեայում վարակվածներից 3081-ը Տեգու քաղաքից են, որտեղ աղանդավորական մի խմբի կողմից իբր հոգեւորական կարգ է կատարվել, հավաքվել են հազարավոր մարդիկ, ինչից հետո հայտնի է դարձել վիրուսի աննախադեպ տարածման մասին: Մարտի 1–ին երկրի իշխանությունները դատախազությանը հայց են ներկայացրել՝ սեկտայի 12 ղեկավարների դեմ: Նշվում է, որ հիշյալ 12 անձինք մեղադրվում են նաեւ սպանության, ծանր վնասվածք հասցնելու եւ ինֆեկցիոն հիվանդությունները տարածելու մասին օրենքի խախտման մեջ:
Աղանդավորական շարժման ղեկավար, 88-ամյա Լի Ման Հին երեկ տված մամուլի ասուլիսի ժամանակ ներողություն է խնդրել Հարավային Կորեայի իշխանություններից ու բնակիչներից՝ ծնկի իջած ու արտասվելով եւ նշել, որ իրենք մտադիր չեն եղել տարածել վիրուսը: