Երեխաները մեր ապագան են, իսկ մենք պարտավոր ենք ապահովել նրանց անհոգ մանկությունն ու ձևավորենք իրավագիտակից ու իրավահարգ քաղաքացի։
Խոսենք մի խնդրի մասին։ Թեև համեմատության կարգով կարող ենք փաստել, որ մեր երկրում նվազել են անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը, այդուհանդերձ, վերջերս անչափահասների շրջանում նկատվում է բացասական և մտագոհիչ մի դրսևորում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ոստիկանության միջոցառումներով անչափահասների մոտ հայտնաբերվել են դանակներ, կռփազենքեր ու տարբեր տեսակի սուր կտրող-ծակող գործիքներ։ Նման իրեր կրող անչափահասները հայտնաբերվել են հասարակական վայրերում, մետրոյի կայարաններում։ Առավել մտահոգիչ է, երբ անչափահասը դանակով գնում է դպրոց։
Ոստիկանությունը ձեռնարկում է տարբեր միջոցառումներ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխման և նրանց մոտ պահվող սառը զենքերը հայտնաբերելու ուղղությամբ։
Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև ուսումնական հաստատություններում։
Ոստիկանությունը շարունակելու է կանխարգելիչ միջոցառումները, սակայն, վստահ ենք, որ չենք հասնի ցանկալի արդյունքի առանց ծնողների ու մանկավարժների օգնության։
Ոստիկանությունը հորդորում է ծնողներին եւ մանկավարժներին ուշադիր լինել երեխաների նկատմամբ, խոսել նրանց հետ, լսել խնդիրներն ու օգնել նրանց։ Անհրաժեշտության դեպքում դիմել նաև ոստիկանության անչափահասների գործերով, կամ դպրոցական տեսուչներին։