Դաժան սպանություն Հրազդանում. 81-ամյա կնոջը դանակի 10 հարված են հասցրել

Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 4-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։ Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի մարմնի տարբեր մասերին կա դանակի 10 հարվածի հետք։

Երեւանից Հրազդան էին ժամանել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։