Վարչապետին հայհոյած քաղաքացուն այցելած «հեղափոխության պահապանները» «Հայելի» ակումբի պատերին ձվեր նետած երիտասարդներն են

Նաիրիի Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում «հեղափոխության պահապանների» գործողությունների առնչությամբ: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից: Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես են մի խումբ երիտասարդներ՝ իրենց «հեղափոխության պահապաններ» հռչակած, վարչապետին հայհոյած քաղաքացուն ստիպում ներողություն խնդրել վարչապետից: Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց այդ նույն երիտասարդներն էին, որ «Հայելի» ակումբի վրա հարձակում էին գործել. «Նույն այդ խումբն էր, որ այցելեց «Հայելի» ակումբ ու իրենց ինքնադատաստանը տեսան՝ պատերին ձվեր նետելով: Շատերը չեն մտաբերի այդ  դրվագը, բայց երբ ես բարձրաձայնել էի, որ եղբորս  երկու ոստիկան ծեծի է ենթարկել, դրանից հետո facebook-ում իմ նկատմամբ հակաքարոզչություն սկսվեց, այդ տղաներն էին, որ պաշտպանում էին ոստիկաններին, նրանք էին, որ գնացին, փողոց փակեցին՝ պահանջելով նրանց ազատ արձակել: Այդ մարդիկ իրենց համարում են օրենքը, իրենց պատկերացմամբ, կյանքի կոչողներ, իրենց վերապահել են լիազորություններ, որոնք չունեն, եւ դա շատ նորմալ է, որովհետեւ իշխանության եւ իրավապահ համակարգի վերաբերմունքը  այդ դրսեւորումներին այնպիսին է եղել, որ դա պետք է բերեր դրան, եթե վաղը չէ  մյուս օրը նրանք որեւէ մարդու նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն, ես էլի չեմ զարմանա, որովհետեւ, եթե իրավապահները այս դրսեւորումների նկատմամբ աչք են փակում, մի օր դա ֆիզիկականի էլ կհասնի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/03/12/1099593/