Իրանը և Չինաստանը ՀՀ արտաքին առևտրի ընդհանուր ծավալների մեջ կազմում են մոտ 9 տոկոս, և իրենց բաժին է ընկնում տարեկան շուրջ 580 մլն ԱՄՆ դոլար շրջանառություն, հետևաբար, այս երկրների կորոնավիրուսով վարակվածությունը կարող է մատակարարման խզումներ ստեղծել, այդ երևույթներն արդեն նկատելի են, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մասին, ասաց ՀՀ գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
«Կարող են գործող պայմանագրեր դադարեցվել, նոր պայմանագրեր չեն կնքվի և դա կարող է ՀՀ տնտեսությանը մատակարարման մասով խոչընդոտել, քանի որ վերոնշյալ գումարի շուրջ 85 տոկոսը ներմուծմանն է վերաբերում։ Այս երկրները Հայաստանի համար կրիտիկական են նաև այն պատճառով, որ նրանք էժան ապրանքներ մատակարարող երկրներ են։ Քանի որ Հայաստանն ու աղքատության և գործազրկության խնդիրներ, որոնք շարունակում են մնալ և միկրոբիզնեսի շատ ներկայացուցիչներ իրենց տարեկան շրջանառությունն ապահովում են այդ երկրներից ներմուծած ապրանքները վերավաճառելով, ապա տնտեսական առումով դա կարող է ունենալ էական նշանակություն», – ասաց Գագիկ Մակարյանը։
Տնտեսագետի խոսքով՝ տուրիզմի նվազումը ևս անմիջական ազդեցություն կունենա փոքր բիզնեսի և ծառայությունների վրա։
«Կառավարությունը որոշակի կանխարգելիչ քայլեր պետք է կատարի, ինչը, ցավոք, դեռևս նկատելի չի։ ՊԵԿ-ի մաքսային բաժնից կարելի էր տեղեկանալ, թե Իրանից և Չինաստանից մատակարարումները հատկապես որ տարածաշրջանից են կատարվում, արդյոք դրանք կորոնավիրուսի համար կրիտիկական շրջաններ են, թե ոչ։ Եթե այդպիսին էր, դրանք շատ արագ պետք է դադարեցվեին, մյուս կողմից էլ, պետությունը կարող է օգնել, որ դադարեցվող պայմանագրերը ֆինանսական հետևանքներ չունենան, քանի որ մենք գտնվում ենք ֆորսմաժորային իրավիճակում», – ասաց Մակարյանը։