Իտալիայում մարտի 13-ին նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 250 մարդ է մահացել։ Երկրում վարակի բռնկումից ի վեր մահվան դեպքերը հասել են 1266-ի, հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելլին, գրում է korrespondent.net-ը:
Իտալիայում վիրուսի բռնկման պահից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17 660-ի, որից այս պահին հիվանդ է 14 955-ը, ապաքինվել է 1439 մարդ։
Բորելլին պարզաբանել է, որ մահացածների միջին տարիքը 80 և ավելի է:
Մասնագետների տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների 20 տոկոսը բաժին է ընկնում Իտալիային։
Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսի բռնկումը սկսվել է փետրվարի 21-ին։ Մինչ այս պահը երկրում անցկացվել է առնվազն 10 000 կորոնավիրուսի թեստ։
Մարտի 10-ից երկրի իշխանությունները խիստ կարանտինային միջոցառումներ են ձեռնարկել՝ այդ թվում նաև բնակչության տեղաշարժի արգելքը։ Ավելի ուշ փակվել են խանութները՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների, ինչպես նաև բար-ռեստորանները։
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել են Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: