ՀՀ-ում կորոնավիրուսի 84 հաստատված դեպք կա. այժմ գտնվում ենք «արտադրամասի» ճյուղի զարգացման հետևից վազքի փուլում. Նիկոլ Փաշինյան

Այս պահին ՀՀ-ում կա կորոնավիրուսի ևս 6 հաստատված դեպք, ընդհանուր թիվը՝ 84: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապտ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե վերջին ախտորոշվածների մեջ 99 տոկոս դեպքերում «արտադրամասի» ճյուղերն են:

«Այս պահին արդեն դեպքերի 81 տոկոսը «Էջմիածնի» և «արտադրամասի» դեպքերի ճյուղերն են: «Էջմիածնի» ճյուղի զարգացումը դանդաղել է»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պայքարի մեթոդին ու դրա էֆեկտիվությանը՝ վարչապետը նշեց, թե սկզբում գործել են վարակակիրներին գտնելու, մեկուսացնելու սկզբունքով, ինչն արդյունավետ է եղել:

Նա հիշեցրեց մարտի 1-ին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, երբ քաղաքացին Իրանից էր ժամանել, և նշեց, թե այդ քաղաքացու դեպքում մեկուսացման գործընթացը արդյունավետ է եղել, քանի որ վերջին 10 օրում այդ ճյուղից նոր վարակակիրներ չեն եղել:

Վարչապետի խոսքով՝ «Էջմիածնի» և «արտադրամասի» դեպքերից բացի, մյուսները լոկալ դեպքեր են, վարակակիրները շփման շրջանակ չունեն:

«Այժմ մենք գտնվում ենք «արտադրամասի» ճյուղի զարգացման հետևից վազքի փուլոււմ և հույս ունենք, որ կհասնենք դրա հետևից և կկարողանանք կանգնեցնել»,-ասաց Փաշինյանը:

Վերջինս տեղեկացրեց, թե այս պահին կա 444 մեկուսացված անձ և 799 մարդ, որոնց հորդորել են տներում ինքնամեկուսացվել: Փաշինյանն ընդգծեց նաև, որ եթե մեկուսացման անհրաժեշտության ծավալները մեծանան, այն սկզբունքորեն կդառնա անիմաստ:

Նա նաև անդրադարձավ ալկոգելի խնդրին՝ նշելով, թե երկրում դրա պակասը չկա, և այն ամբողջ ծավալով արտադրվում է:

Անդրադառնալով վարակակիրների առողջական վիճակին՝ Փաշինյանը նշեց, թե նրանք հիմնականում իրենց լավ են զգում, և միայն մի քանիսի մոտ է սահմանվածից բարձր ջերմություն:

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ այս պահին կատարվել է 700-ից ավելի թեստ: «Կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթև սցենարով»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: