Կարագի դիֆիցիտ, թե՞ գերիշխող դիրքի չարաշահում․ Սուրեն Փարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․

«Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին օրերի ընթացքում խոշոր սուպերմարկետներում 30-40 տոկոսով ավելացել է շրջանառությունը, իսկ փոքր և միջին խանութներում, կրպակներում ընդհակառակը՝ շրջանառությունը նվազել է, և նրանք վնասներ են կրում։ Ցավոք, ո՛չ մեր կառավարության տնտեսական թիմի ներկայացուցիչները, ո՛չ էլ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուշադրություն չդարձրեցին այս երևույթին և չփորձեցին պարզել պատճառները։ Գաղտնիք չէ, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա ընտանիքին պատկանող կազմակերպությունները հանդիսանում են մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրողներ, մեծածախ և մանրածախ վաճառողներ, ինչպիսիք են ալյուրը, ձեթը, շաքարավազը, կարագը և այլն։ «Ալեքս Ընդ Հոլդինգ» ընկերությունը կարագի շուկայում ունի գերիշխող դիրք, այսինքն՝ մեծածախ կարագ վաճառող հիմնական տնտեսավարողներից է։ Այս ընկերությունը օգտվելով իր՝ ներմուծող լինելու հանգամանքից, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում կարագը վաճառվում է համեմատաբար ցածր գնով, քան մյուս խանութներում։ Ահա այսօր էլ ահազանգ ստացա խանութներից, որ «Ալեքս ԸՆդ Հոլդինգ» ընկերությունն անորոշ ժամկետով դադարեցնում է կարագի մատակարարումներն այն դեպքում, երբ իրենց պատկանող սուպերմարկետներում կարագի պակասուրդ չկա, ընդհակառակը, մեծ պահանջարկ ունի։ Տրամաբանական է որ այս իրավիճակում փոքր և միջին խանութների, կրպակների շրջանառությունը կնվազի, քանի որ խուճապով պայմանավորված մարդիկ այժմ նախընտրում են կատարել մի քանի օրվա կամ շաբաթվա գնումներ, և դա կանեն այն խանութներից, որտեղ կան բոլոր ապրանքները։
Վստահ եմ, որ մոտակա օրերին հանրության հայտնի օլիգարխները, իրար հերթ չտալով, կհայտարարեն, որ նվիրատվություններ են անում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման նպատակով։ Այնուհանդերձ, գործող իշխանությունները և մեր հանրությունը պետք է իմանա, որ օլիգարխներից ստացվող նվիրատվությունները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեն գոյացել ազնիվ և արդար տնտեսական մրցակցության արդյունքում, այդ գումարները կուտակվել են հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով»: