Պարզվեց՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու լավագույն միջոցը մեզ՝ տեղեկատվության փոխանցումն արգելելն է, այլ ոչ թե, ասենք, մարդկանց շփումը նվազեցնելը․ Hraparak.am

Մեր ամենավատ կանխատեսումները իրականություն են դառնում գրում է Hraparak.am կայքը և հայտնում, որ այսօր ոստիկանության երկու համակրելի երիտասարդ այցելեցին «Հրապարակի» խմբագրություն և ծանուցում ներկայացրին՝ ոստիկանության գնդապետ ոմն Ա․ Կարապետյանի ստորագրությամբ։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, մանավանդ որոշման տեքստի հրապարակումից հետո, հասկանալի էր, որ դա արվում է մի նպատակով՝ լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու։ Պարզվեց՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու լավագույն միջոցը մեզ՝ տեղեկատվության փոխանցումն արգելելն է, այլ ոչ թե, ասենք, մարդկանց շփումը նվազեցնելը կամ ինչ-որ օբյեկտների գործունեությունը դադարեցնելը։ Եթե կառավարությունում հենց արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրը խախտում են իրենց, իսկ հրամանագիրը և 40 խմբագրի հավաքում մի սենյակում ու հրահանգներ իջեցնում, այն պարագայում, որ 20 հոգուց ավելի հավաքներն արգելել են, պարզ է, որ ո՛չ իրենց անելիքը գիտեն, ո՛չ թույլատրելի-անթույլատրելիի սահմանը։

Եվ ահա այսօր մեր ամենավատ կանխատեսումներն իրականացան․ ոստիկանության երկու համակրելի երիտասարդ այցելեցին «Հրապարակի» խմբագրություն և ծանուցում ներկայացրին մեզ՝ ոստիկանության գնդապետ ոմն Ա․ Կարապետյանի ստորագրությամբ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողներին․

«ՀՀ կառավարության 2020թ․ մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով։

Հավելվածի 26-րդ կետի համաձայն՝ սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից։

Ձեր օրաթերթին պատկանող hraparak.am էլեկտրոնային լրատվական կայքում ս․թ․ մարտի 18-ին, ժամը 07։10-ին հրապարակված՝ «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ» խորագրով հրապարակումը /հրապարակման հղումը/ իրենից խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ է պարունակում, որը ենթակա է անհապաղ հեռացման։

Տեղեկացնում եմ, որ արգելված տեղեկատվությունն անհապաղ չհեռացնելու պարագայում ՀՀ ոստիկանությունը կհարուցի վարչական վարույթ՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի 8-րդ մասի (Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով) հատկանիշներով»։

Ահա այն, ինչ պահանջվում էր իմանալ արտակարգ դրության մասին։ Մենք, իհարկե, հրապարակումը հեռացրինք կայքից, սակայն որոշակի հետևություններ արեցինք և զգուշացնում ենք, որ նման քայլերի կրկնությունը մեզ հնարավորություն կտա ավելի հեռուն գնացող հետևություններ անել և որոշակի քայլեր ձեռնարկել․

Հետևություն 1. Արտակարգ դրությունը մտցվել է ԶԼՄ-ներին զսպաշապիկ հագցնելու համար, և դա անելու համար է հատկապես մտցվել խոսքի ազատությունը սահմանափակելու պարբերությունում «խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկություններ» արտահայտությունը։ Այս արտահայտության տակ կարելի է մտցնել ցանկացած միտք ու հրապարակում։

Հետևություն 2. Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է իրեն ուղղված քննադատությունն ու խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Դրա համար էին ամիսներ շարունակ մշակում և անցկացնում օրենսդրական անհասկանալի փոփոխություններ, հոգեբանական ճնշումներ գործադրում և վերջապես՝ արտակարգ դրություն մտցնում երկրում։ Ի դեպ, նշված լուրը որևէ առնչություն չունի կորոնավիրուսի թեմայի հետ և անգամ լուրի մեջ կորոնավիրուս բառը չկա։ Ստացվում է՝ ցանկացած բացասական հրապարակում, որտեղ խոսք է գնում մարդկանց դժգոհությունների ու բողոքի մասին, չպետք է հրապարակվեն։ Մինչդեռ հրամանագիրը վերաբերում է բացառապես կորոնավիրուսին և դրա դեմ պայքարի արդյունավետությանը։

Հետևություն 3. Այս արտակարգ դրության որոշումը, դրա իրականացման ձևն ու բնույթը բացարձակապես հստակեցված չեն, և յուրաքանչյուրը կարող է կամայական բացատրություններ տալ հրամանագրին, իսկ ոստիկանության մի գնդապետ կարող է որոշել, որ ինչ-որ լուր, որտեղ խոսվում է այն մասին, որ դատապարտյալները բողոքում են, որ հանձնուքներ չեն ստանում, և հատկապես ծխախոտի բացակայությունը նրանց շրջանում դժգոհություններ է առաջացրել, խուճապ է առաջացնում։ Իսկ ո՞վ ասաց, որ այդ լուրը խուճապ է առաջացնում, ինչի՞ց որոշեց սույն գնդապետը, որ հենց դա է խուճապ առաջացնում, այլ ոչ թե, ասենք, «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումը՝ «Եվրոպական երկրները խստացնում են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները» վերտառությամբ։
Հետևություն 4. Հրամանագրի կիրառման երկրորդ օրն, իսկ լրատվամիջոցների ահռելի քանակությունից և համացանցային տեղեկատվության տարափից «Հրապարակի» մի անմեղ լուրն ընտրելու և մեզ ծանուցում ուղարկելու փաստը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը՝ իր կառավարությունով և պատգամավորական կորպուսով, իր թիվ 1 թշնամին է համարում մեր թերթը և նպատակ է դրել ամեն գնով խանգարել մեզ, այդ թվում՝ ձեռնպահ չի մնալու ֆինանսական սանկցիաներից, հույս ունենալով, որ դրանով կխոչընդոտի մեր աշխատանքը»։