ՆԱՍԱ-ն դադարեցրել է դեպի Լուսին և Մարս թռիչքի համար հրթիռի կառուցման աշխատանքները

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` ՆԱՍԱ-ն, կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է SLS (Space Launch System) կրող հրթիռի և Orion տիեզերանավի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում էին Լուսին և Մարս թռիչքներ կատարելու ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնին:

SLS հրթիռը հավաքում են Լուիզիանա նահանգի Michoud Assembly Facility արտադրողական կենտրոնում, Orion տիեզերանավի կառուցման աշխատանքները կատարվում են հարևան Միսիսիպի նահանգում տեղակայված Ջոն Սթենիսի անվան տիեզերական կենտրոնում:

Հայտարարության մեջ տեղեկացվել է երկու արտադրողական շրջաններում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի մասին:

«ՆԱՍԱ-ն ժամանակավորապես դադարեցնում է SLS և Orion հանգույցների վրա կատվող աշխատանքներն ու դրանց փորձարկումները»,-հայտարարել է Բրայդենսթայնը:

2019 թվականի դեկտեմբերին տեղեկացվել էր, որ ՆԱՍԱ-ն ավարտել է SLS կրող հրթիռի կենտրոնական բլոկի հավաքման աշխատանքները:

Հրթիռի գործարկումը բազմիցս հետաձգվել է: Առաջին արձակումը ծրագրված էր 2019 թվականին, հետո այն հետաձգվեց մինչև 2020 թվականի հունիս: Համաձայն այս ժամանակացույցի, ենթադրվում էր, որ «Արտեմիս -1» առաքելությամբ հրթիռի առաջին արձակումը տեղի կունենա 2021 թվականին:

SLS–ը կառուցվում է Orion տիեզերանավի համար, 2024 թվականին Լուսին տիեզերագնացներ ուղարկելու և դրան հաջորդող հեռավոր տիեզերք, այդ թվում՝ Մարս կատարվելիք թռիչքների համար: