Սա ֆորսմաժոր է, պետությունը պետք է արագ ծրագիր մշակի․ Միքայել Մելքումյանը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու մասին (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կարծում է, որ ֆորսմաժորային իրավիճակներում չպետք է առաջնորդվել դասական մոտեցումներով, պետք արագ ծրագրեր իրականացնել: Tert.am-ի հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասաց, որ թերակատարված կապիտալ ծախսեր պետք է կատարել, պահուստային 2,8 մլրդ դոլարից տնտեսության մեջ ներարկումներ կատարել, ինչպես նաև օրավարձով աշխատողներին նվազագույն աշխատավարձ փոխհատուցել:

-Պարոն Մելքումյան, Ձեր կարծիքով՝ պետությունն այդքան ռեսուրս ունի՞, որ այս ժամանակահատվածում չաշխատող բոլոր քաղաքացիների աշխատավարձերը վճարի: Այսօր Գագիկ Ծառուկյանը նշում էր, որ վճարման պարտավորությունը պետությունը պետք է իր վրա վերցնի:

-Ընդհանրապես պետության շրջանակում տեղի ունեցող հանրային գործընթացներ, հասարակական տեղաշարժեր կլինեն, պետությունը պետք է մշակի արագ ծրագիր: Սա ֆորսմաժոր է, սա սովորական վիճակ չէ, և դա ամբողջ աշխարհում է. աշխարհի ՀՆԱ-ն 85 տրիլիոն էր, արդեն 3 տրիլիոն իջել է ու շարունակում է գահավիժել, նույնն էլ մեզ մոտ: Հիմա մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք շատ բան կորցնել, թե ինչ-որ մի մաս պիտի շահի էն մյուս հատվածի հաշվին:

Մենք ունենք մոտ 67 հազար փոքր և միջին ընկերություններ և մոտ 10-12 հազար խոշոր, այսինքն՝ ավելացված արժեքի հարկով աշխատող, որոնց շրջանառությունը 115 մլն դրամից բարձր է: Հիմա պետությունը նախնական ինչ-որ բան է հռչակել, ասել է՝ ես ՓՄՁ –ի աջակցության համար վարկերի տոկոսների մարման համար տալիս եմ 25 մլրդ դրամ՝ 50 մլն դոլար: Պետությունը չի ասում, որ աշխատավարձի համար է տալիս, ասում է՝ գնա բանկ, քանի որ քեզ լավ են ճանաչում, գնա նստի խոսի, եթե փող ես ուզում, բանկը տալիս է, պետությունն էլ սուբսիդավորում է: Այսինքն՝ ինչ դուրս եկավ, որ ձեռնարկությունը չի կարողանում աշխատել, շրջանառություն չունի, մի հատ էլ պարտքով փող են տալիս, բա հետո դրա տակից ոնց է դուրս գալու, և երկրորդը՝ 67 հազարի վարչարարությունն ինչպե՞ս է արվելու, ինչքա՞ն է տևելու:

Դրա համար մենք ասում ենք՝ վարկային տոկոսները 3 ամսով սառեցրեք, բայց, ոչ թե ես գնամ խոսեմ, որ մի մասին տան գումար, մյուս մասին չտան, այլ համահարթ մոտեցում պիտի ցուցաբերվի, որ հանգիստ շունչ քաշեն:

Երկրորդը՝ կապված հարկերի հետ. հունվար-փետերվար ամիսներին աշխատել են, պարտավորություններ են առաջացել, հիմա գործ չկա, կարող ենք հարկային արձակուրդներ ձևակերպել կրկին բոլորի վերաբերյալ: Հարցերը պետք է լուծել համահարթ:

Եթե ես 50 մլն դոլարը բաժանում են 67 հազար ՓՄՁ-ների վրա, ստանում եմ 700 դոլար, մի ՓՄՁ-ում կա 4-5 աշխատատեղ, մեկում ՝ 20-50, այսինքն՝ ինչ, ստացվում 5-10 հազար դրամ ենք տալիս:
Պետությունը պետք է հայտարարի, որ պատրաստ է էլի գումարներ ներարկել:

Հայաստանում կա 626 հազար վարձու աշխատող՝ առանց գյուղաբնակ մեր քաղաքացիների, 626 հազարից 203 հազարը աշխատում է պետական համակարգում: Պետական համակարգում աշխատողները այս կամ այն կերպ պաշտպանված են, մոտ 400 հազարից ավելի դեպքում չգիտենք, որ մասն է մասնավոր հատվածում աշխատում, որ մասը՝ օրավարձով։ Ենթադրենք՝ դրա կեսը օրավարձով աշխատող է, այսինքն՝ եթե մարդը օրվա իր վաստակը՝ 5 հազար դրամը, որ չտարավ, չի կարող ոչ կոմունալ տալ, ոչ հաց առնել, ոչ սնունդ առնել, էլ չեմ ասում դեղի մասին, այդ նույն մարդիկ նաև սպառողական վարկեր ունեն:

Մեր առաջարկն է եղել, որ նվազագույն աշխատավարձ 2-3 ամսով տալիս ենք օրավարձով աշխատողներին՝ տաքսու վարորդ, վաճառող, բանավոր: Քանի որ պետությունը հռչակել է, որ մեծածավալ կապիտալ ներդրումներ է անելու՝ ճանապարհաշինություն, ջրամբարաշինություն, էներգետիկ ոլորտ, այլ ոլորտներում, թող թերակատարված կապիտալ ծախսերը արագընթաց կատարեն:
Մեզ պետք է աշխատատեղերը փրկել, մարդկանց սոցիալական կատակլիզմների չենթարկենք: Երբ մարդուն փող ես տալիս, 3 ամիս հետո հարկերով հետ է գալու բյուջե, մարդը ապրեց, պահանջարկ ձևավորեց արտադրողների, կոմունալների համար:

-Հենց պահանջարկի ձևավորման մասով կան տեսակետներ, որ կարող են գումար տպագրել, սա որքանո՞վ է իրատեսական:

-Ինչպես արդյունաբերության տնտեսության ողնաշարը Էներգետիկան է, այնպես էլ հանրային կյանքի ողնաշարը ֆինանսական կայունությունն է՝ փոխարժեք պահելն է: Հիմա փոխարժեքը չի թռել չէ՞ 500-600 և այլն: Հիմա մեր պահուստներում ունենք 2,8 մլրդ դոլար, ԿԲ-ն պետք է մաս-մաս ներարկի այդ գումարը տնտեսության մեջ, որպեսզի կուրսը չթռնի, բայց անվերջ չի կարողանալու անել: Պետք է գնահատենք, թե պահուստներից ինչքան գումար պիտի ներարկենք կուրսը պահելու համար և այդ ընթացքում ինչ միջոցառումներ ենք անելու.: Արտահանում չունենք համարյա, պղնձի գներն իջել են, տրանսֆերտները քիչ են, այլ խնդիրներ կան և այդ պահուստը մեր փրկօղակներից մեկն է: Մենք պիտի կարողանանք մարդկանց փող տալ, կապիտալ ծախսերը կատարենք, պահանջարկ ձևավորենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։