Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսություններն արդեն ավելի մեծ ցնցում են ապրել, քան 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ. OECD

Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղար Անխել Գուրիան նախազգուշացրել է, որ ողջ աշխարհի համար երկար ժամանակ պետք կլինի կորոնավիրուսի համավարակից վերականգնվելու համար:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, Գուրիան շեշտել է, որ կորոնավիրուսով պայմանավորված անորոշությունը նշանակում է, որ տնտեսություններն արդեն ավելի մեծ ցնցում են ապրել, քան 2008թ․ ֆինանսական ճգնաժամի և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ:

Վերջինս կոչ է արել կառավարություններին խթանել վիրուսի արագ թեստավորման և բուժման համար կանոնակարգի ընդունումը:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ լավատեսական է այն կանխատեսումը, որի համաձայն լուրջ բռնկումը կարող է համաշխարհային աճը կրճատել 1.5 տոկոսով:

«Եթե նույնիսկ համաշխարհային անկում տեղի չունենա, բացասական ազդեցություն կնկատվի բազմաթիվ երկրների տնտեսական աճում, այդ թվում և խոշոր տնտեսությունների պարագայում: Այդ պատճառով ոչ միայն ցածր աճ է կանխատեսվում այս տարի, այլև ապագայում երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար»,- հավելել է պաշտոնյան: