Ոստիկանները բացահայտել են Մարգարա գյուղի դպրոցում կատարված ապօրինությունները, որի հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 3 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017թ․ հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենի ամուսինը, որը դպրոցում հրամանագրված է եղել պահակ, ապա՝ էլեկտրիկ, 2016-2019թթ․ ընթացքում աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով, նախնական հաշվարկով՝ պետությանը պատճառվել է 3 միլիոն 150 հազար դրամից ավելի վնաս։

Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։