Իսպանիայի ծերանոցներում կորոնավիրուսից մահացած տարեց մարդիկ են հայտնաբերվել

Իսպանացի զինծառայողները, որոնք մասնակցում են երկրում ծերանոցների ախտահանման աշխատանքներին, անկողիններում կորոնավիրուսից մահացած տարեց մարդկանց են հայտնաբերել, գրում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսին:

«Զինծառայողները մի քանի ծերանոցներում տեսել են ծերունիների, ամբողջովին լքված տարեցների և նույնիսկ իրենց անկողիններում մահացածների: Այս հարցում մենք կլինենք համառ ու անողոք: Նրանք, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները, պատասխան կտան օրենքի առաջ»,-հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարարը:

Միևնույն ժամանակ Ռոբլեսը նշել է, որ ծերանոցների մեծ մասում իրավիճակը նորմալ է:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի և մահվան ելքերի թվով Իսպանիան Եվրոպայում գտնվում է երկրորդ տեղում` Իտալիայից հետո: Մարտի 23-ի դրությամբ Իսպանիայում վարակվածների թիվը հասել է 33 089-ի, մահացել է 2182 մարդ:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: