ԱՄՆ-ն հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ նավթային դաշինք ստեղծելու հավանականությունը

ԱՄՆ-ն դիտարկում է Սաուդյան Արաբիայի հետ նավթային դաշինք ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին Bloomberg պարբերականի հետ զրույցում հաստատել Է ԱՄՆ էներգետիկայի նախարար Դեն Բրույեթը։

Ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը, դաշինքի գաղափարը դիտարկվում է ի թիվս նավթի գների կայունացման այլ տարբերակների։

«Ես չգիտեմ՝ արդյոք այն պաշտոնապես կներկայացվի քննարկման, թե ոչ»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ այդ առնչությամբ որևէ կոնկրետ որոշում դեռևս չի ընդունվել:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել առ այն, որ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության պաշտոնյաները Սպիտակ տանը հորդորում են Սաուդյան Արաբիայի հետ այս պահի համար անհրաժեշտ դաշինք կազմել նավթի համաշխարհային գների վերահսկողության համար: Նման ծրագրի կողմնակիցները հույս ունեն կայունացնել նավթի գները և կանխել դրանց հետագա անկումը, գրում է աղբյուրը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, անդրադառնալով ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի միջև «նավթային պատերազմին», կարծիք էր հայտնել, որ «Ռուսաստանը չի ենթարկվի Սաուդյան Արաբիայի նավթի գների շանտաժին» և որ ինչպիսին էլ լինեն կորուստները և վնասները Ռուսաստանի համար, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինը բանակցությունների առաջարկով հանդես չի գա։

Նավթի գները սկսեցին նվազել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված: Դա հարված հասցրեց նավթի համաշխարհային պահանջարկին: Գները վերջնական անկման գնացին ՕՊԵԿ + գործարքի ձախողումից  հետո, երբ Ռուսաստանը չընդունեց առաջարկվող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան ու գործընկերները հրաժարվեցին երկարաձգել նավթի արդյունահանման մակարդակի ցածրացումը:

Արդյունքում ապրիլի 1-ից համաձայնության մասնակից կողմերը ազատվում են նավթի արդյունահանման որևէ պարտավորություններից և ծրագրում են բարձրացնել արդյունահանման մակարդակը: Ամենածայրահեղն արձագանքել է հենց Սաուդյան Արաբիան, որը խոստացել է նավթի մատակարարումն ավելացնել մեկ օրում 3 մլն բարելով, ինչպես նաև ռեկորդային զեղչ է խոստացել վերջին տասնամյակների համար: Այսպիսով թագավորությունը մտադիր է ավելացնել իր բաժինը շուկայում և դուրս թողնել մրցակիցներին` առաջին հերթին Ռուսաստանին:

Վերլուծաբանները կարծում են, որ գնային պատերազմը կարող է հանգեցնել մի քանի ամսվա ընթացքում պահեստների լցմանը և նույնիսկ հումքի արժեքի անկման: Այս ամենի ֆոնին ամերիկացի 13 սենատորներ Սաուդյան Արաբիային խնդրել են ազդել նավթի գների վրա՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում երկու երկրների հարաբերությունները կտուժեն: