«Ինչպես հայտնի է, Հայաստանում ընտրությունները կազմակերպվում են ԿԸՀ կողմից ձևավորված տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։ Ներկայումս Հայաստանում գոյություն ունի 41 տարածքային հանձնաժողով, որոնք բաշխված են ըստ ընտրատարածքների։ Հանձնաժողովներից 10 ընդգրկում են Երևանի համայնքները, մնացած 31-ը համապատասխանաբար բաշխված են հանրապետության ողջ տարածքով։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ գործող իշխանությունը քննարկում է ՀՀ ընտրական քարտեզը վերաձևափոխելու և իրենց քիմքին հաճելի բաշխվածություն ապահովելու հարցը։ Ընդ որում, ներկայիս վիճակը չի խանգարում, որ այդ թեմայով քննարկումները շարունակվեն:
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ, մարզային որոշ հատվածներում համայնքային խիտ բնակեցվածության հետ կապված, վերահսկելիության առումով որոշ վերահսկելի խնդիրներ են առաջանում։
Այլ կերպ ասած՝ իշխանությունները ձեռնամուխ են եղել փոխել առկա ընտրական քարտեզը՝ իրենց համար ռիսկային տարածքները վերաձևափոխելու միջոցով։ Ի դեպ, ժամանակին նախկին իշխանությունները նույնպես տարածքները «դասավորել» էին իրենց քաղաքական քմահաճույքին համապատասխան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։