Չգիտենք, թե որքան կտևի այս իրավիճակը, որքան ժամանակ մարդիկ կունենան աջակցության կարիք, գիտենք, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն. Զարուհի Բաթոյան

Բոլոր այն դեպքերում, երբ շահառուն, ըստ նշված պայմանների, կարող է օգտվել մի քանի սոցիալական ծրագրերից, պետք է դրանցից ընտրի միայն մեկը: Այս մասին Կառավարության տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով սոցիալական ծրագրերը:

«Թեև մենք լավատես ենք և հույս ունենք, որ մեր գործողություններով կմեղմենք այս գործընթացը, բայց դեռ չգիտենք, թե որքան ժամանակ այս իրավիճակը կշարունակվի, և որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան: Մենք գիտենք նաև, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն, մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել՝ ավելի մեծ գումար տրամադրել ավելի քի՞չ թվով մարդկանց, թե՞ քիչ գումարով օգնել շատերին: Մենք ընտրել ենք երկրորդը»,-ասաց նա:

Ներկայացնելով նոր սոցիալական ծրագիրը՝ Բաթոյանը նշեց, որ այն վերաբերում է չգրանցված աշխատողների երեխաներին. «Աջակցություն ենք տրամադրելու այն երեխաներին, որոնց ծնողները կամ ծնողներից մեկը չի ունեցել գրանցված աշխատանք մարտի 12-ի դրությամբ և չի ընունվել ժամանակավոր կամ գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում»:

Սոցիալական նոր ծրագրով շահառու է հանդիսանալու նաև ընտանիքը, որը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովութան միավորը ցածր է 28-ից, կամ երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: «Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի տեսքով, յուրաքանչյուր երեխայի համար՝ 26 500 դրամի չափով»,-մանրամասնեց նախարարը՝ նշելով, որ այս աջակցության համար քաղաքացիները պետք է դիմեն էլեկտրոնային եղանակով ապրիլի 15-ից հետո:

Նա նաև հայտնեց, որ մինչև 14 տարեկան երեխա ունեցող և գրանցված աշխատողները, որոնք 2020թ. մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած, ևս կստանան աջակցություն:

 Նա ընդգծեց, որ սոցիալական բոլոր ծրագրերի մասին մանրամասներն առկա են նախարարության պաշտոնական կայքում:

Բաթոյանի խոսքով՝ նախարարությունն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է քաղաքացիների հետ, համագործակցում է նաև այլ գերատեսչությունների հետ:

Հարցին՝ սոցիալական ծրագրերը կազմելիս՝ տարբերակումներ դրվու՞մ են գյուղական և քաղաքային բնակավայրերում ապրող քաղաքացիների համար, Բաթոյանը պատասխանեց, որ մինչ օրս չեն դրել եղած ծրագրերում: Նա նշեց նաև, որ այժմ գյուղական բնակավայրերում ապրողները մի փոքր ավելի քիչ դժվարություններ ունեն, քան քաղաքային բնակավայրերում ապրողները: