Չինաստանում 14 բժշկի «Նահատակ հերոսի» կոչում է շնորհվել

Չինական Հուբեյ նահանգի կառավարությունը որոշում է ընդունել «Նահատակ հերոսի» կոչում շնորհել 14 բժշկի, որոնք մահացել են կորոնավիրուսի դեմ պայքարելիս: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Ցուցակում է նաև բժիշկ Լի Վենլյանի անունը, որն առաջիններից մեկն էր փորձում տեղեկացնել Ուհանում SARS-ի նման թոքաբորբի տարածման մասին:

«Նահատակ հերոսի» կոչում են ստացել նաև բժիշկներ Վան Բինը, Ֆեն Սյաոլինը, Ցզյան Սյուեցինը, Լյու Չժիմինը, Չժան Կանմեյը, Սյաո Ցզյունը, Ու Յունը, Լյու Ֆանը, Սյա Սիսին, Խուան Վենցզյունը, Մեյ Չժունմինը, Պեն Ինհուան և Լյաո Ցզյանցզյունը:

«Ուշադրություն չդարձնելով սեփական անվտանգությանը՝ նրանք վճռականություն ու ինքնազոհաբերում ցուցաբերեցին, զոհեցին իրենց կյանքը` կատարելու համար ժողովրդին ծառայելու իրենց գլխավոր առաքելությունը»,-ասված է նահանգի կառավարության հայտարարության մեջ:

«Նահատակ հերոսը» պատվո կոչում է, որը շնորհվում է երկրի ու Կոմունիստական կուսակցության կողմից այն քաղաքացիներին, որոնք իրենց կյանքը նվիրել են պետությանը, հասարակությանն ու մարդկանց ծառայելուն:

Ուհանի կենտրոնական հիվանդանոցի բժիշկ Լի Վենլյանը դեկտեմբերի 30-ին WeChat սոցիալական ցանցի խմբում իր գործընկերներին տեղեկացրել էր, որ «Հուանան» ծովամթերքների շուկայում SARS-ի 7 դեպք է գրանցվել:

Նա դեռևս չգիտեր, որ կորոնավիրուսն այլ տիպի հիվանդություն է: Բժշկի հաղորդագրությունն արագորեն տարածվել էր սոցիալական ցանցերում:

Հաջորդ օրը Լի Վենլյանին և ևս 7 բժիշկների, որոնք տարածել էին համաճարակի մասին հաղորդագրությունը, կանչել էին Ուհանի ոստիկանություն և նախազգուշացում տվել` ասելով, որ այլևս «առցանց կեղծ լուրեր» չտարածեն, որոնք կարող են խարխլել հասարակական կարգը:

Հետագայում Լին տեղեկացրել էր, որ հունվարի 11-ին իր մոտ հազ և բարձր ջերմություն է գրանցվել: Իր վերջին գրառումով բժիշկը տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  936 170 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: