Սաուդյան Արաբիան չի ծրագրում բացել մզկիթները Ռամադանի ընթացքում

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով պատրաստ են երկարաձգել զանգվածային հավաքների սահմանափակումները,  այդ թվում` ապրիլի վերջից մինչև մայիսի վերջ տևող իսլամական սուրբ Ռամադան ամսվա ընթացքում աղոթքների և մզկիթներ այցելելու սահմանափակումները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Ալիին:

«Բոլորն էլ կարոտել են Ռամադան ամսվա ընթացքում տեղի ունեցող կրոնական հավաքները, սակայն ձեռնարկվող քայլերը պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև կորոնավիրուսի համավարակը չգնա դեպի նվազում»,-հայտարարել է Աբդել Ալին:

Ապրիլի 6-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները ի հավելումն Մեքքայի և Մադինայի, շուրջօրյա պարետային ժամ են հայտարարել երկրի մի շարք այլ քաղաքներում, մասնավորապես՝ մայրաքաղաք Էր Ռիադում, տնտեսական մայրաքաղաք Ջիդդայում, ինչպես նաև արևելյան հիմնական քաղաքներում. Դամմամում, Դահրանում, ինչպես նաև թվով ամենաշատ վարակման դեպքեր գրանցած արևելյան Էլ Քաթիֆ և Էլ Խուբար նահանգներում:

«Տանը մնում է կամ իր ակտիվությունը սահմանափակել է բնակչության միայն 50%-ը, այդ իսկ պատճառով տեղաշարժի ամբողջական արգելքի մասին որոշումը բխում է բոլորի շահերից»,-ասված է Առողջապահության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ:

Վերջին տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2605 դեպք, 38 մարդ մահացել է, 551-ը` բուժվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 347 343 դեպք, 74 769-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 284 882 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում: