ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ողջունել է նավթի արդյունահանման կրճատման որոշումը, որը կկայունացնի համաշխարհային ֆինանսական եւ էներգետիկ շուկաները: Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սաուդյան Արաբիայի եւ մյուս նավթ արտադրողների հետ կատարած աշխատանքի համար, ինչը հանդարտեցրել է համաշխարհային էներգետիկ շուկաները, նշել են մամուլի ծառայությունից: – Նախագահ Թրամփը ողջունել է Ռուսաստանի որոշումը համաշխարհային ֆինանսական եւ էներգետիկ շուկաների կայունությանը համապատասխանող արդյունահանման մակարդակներին վերադառնալու մասին»: Ինչպես հայտնել էին Կրեմլից, կողմերը բացի ՕՊԵԿ+ գործարքից, քննարկել են նաեւ ռազմավարական անվտանգության ապահովման արդիական հարցեր:
ԱՄՆ առաջնորդն առանձին զրույց է ունեցել նաեւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազան Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել սաուդյան կողմին Ռուսաստանի եւ նավթ արտադրող մյուս երկրների հետ համագործակցության համար համաշխարհային էներգաշուկաներում իրավիճակի կարգավորման նպատակով:
Ավելի վաղ Պուտինը, Թրամփը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը եռակողմ հեռախոսային զրույցում հավանություն էին տվել նավթի արդյունահանման կրճատման մասին որոշմանը:
ՕՊԵԿ+ երկրները ապրիլի 12-ի արտահերթ նիստի ժամանակ նավթի արդյունահանման կրճատումը համաձայնեցրել էին բոլոր 23 երկրների հետ: Ընդհանուր նվազեցումը, սակայն, կազմելու է ոչ թե օրական 10 մլն բարել, ինչպես ծրագրված էր, այլ 9,7 մլն, քանի որ Մեքսիկան չի փոխել իր դիրքորոշումը եւ չի համաձայնվել օրական 400 հազար բարել քվոտային: