ՀՔԾ-ի հետ «գործակցության» արդյունքում մի քանի տասնյակ նյութեր են պատրաստվել իմ վրա․ Վլադիմիր Գասպարյան

Ես երբեք նման հրահանգներ չեմ ստացել… նման բան իմ կենսագրության մեջ չի եղել, որ ինձ հրաման տան՝ սրա հետ խիստ կլինես, նրա հետ՝ մեղմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ քաղաքական որոշում չկա՞ր ավելի մեղմ լինելու։

Վլադիմիր Գասպարյանը հերքել է լուրերը, թե այդ օրերին  հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ.

«Չի եղել նման բան, հանդիպում չի եղել, բայց բոլոր ժամանակներում հավաքները կազմակերպողների հետ մենք ունենում ենք կապ, մենք աշխատում ենք այդ մարդկանց հետ, Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է Վալերիյ Օսիպյանը՝ քաղաքի ծառայության գծով տեղակալն էր և մեր կապավորը: Հարցի ենթատեքստի վերաբերյալ ասեմ՝ ես բարձրաստիճան սպա եմ, ես գեներալ եմ, իսկ սպայի մոտ կյանքից ավելի թանկ պատիվն է, դավաճանությունը չի ներվում ոչ մի պարագայում, արդարություն չունի»:

Գուցե այդ ընթացքո՞ւմ է Վալերի Օսիպյանը «վաստակել» ոստիկանապետի պաշտոնը, Գասպարյանն ասել է. «Ի՞նչը վաստակեց, ի՞նչ վաստակի մասին է խոսքը: Չեն վաստակում, ծառայում են հայրենիքին»: Վ․Գասպարյանը պարզաբանել է, որ ոստիկանները ծառայում են պետությանը, ոչ թե կուսակցություններին, հակառակ դեպքում՝ «վա՛յ այդպիսի կուսակցությանը եւ վա՛յ այդպիսի ոստիկանությանը»։

Հարցին, թե 2018-ի իշխանափոխության օրերին իր հրամաններում ինչ-որ բան փոխվել էր, որովհետև որոշ մարդիկ համեմատության մեջ նշում էին, որ ոստիկանության գործողությունները մեղմ էին, Վլադիմիր Գասպարյանը բացասական պատասխան տվեց: «Ոչինչ չէր փոխվել հրամաններում: 16, 15, 12, 8 տարեկան երեխաներին ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը»,-ասել է Գասպարյանը:

Մամուլում պարբերաբար հրապարակումներ էին լինում այն մասին, որ նա և ՔԿ նախկին ղեկավարը համագործակցում են Հատուկ քննչական ծառայության հետ, համագործակցության առաջարկ եղե՞լ է, Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Այդ դեպքում ստիպված «համաձայնեմ»․ «Այո, «համագործակցում եմ»-ի արդյունքում մի քանի տասնյակ նյութեր էին նախապատրաստվել իմ վրա, դրանցից 7-ը, 8-ը, 10-ը վերածվել են քրեական գործի, մի քանիսը պատրատվում են ուղարկել դատարան, մեզ մոտ սերտ, լուրջ, բարիդրացիական «համագործակցություն է»:

Թե ինչ է փոխվել ՀՀ-ում վերջին երկու տարում, նախկին ոստիկանապետը պատասխանել է. «Մի դրական բան եմ ասում. ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները, իշխանության բերելով հպարտ քաղաքացուն, ցույց տվեցին, թե քանի արժանապատիվ մարդ է մնացել, քանի չբամբասող, քանի գործ սարքող է մնացել, քանի գործ քանդող է մնացել, քանի բարի է մնացել, քանի ազնիվ է մնացել, քանի չար է մնացել, քանի սողուն է մնացել, քանի քայլող է մնացել, քանի հզոր է մնացել: Հրաշալի բարոմետր էր։ Քանի հպարտ է մնացել․․․ Հպարտությունն ի դեպ ծանր մեղք է»:

Ոստիկանության գործունեության վերաբերյալ  Վլադիմիր Գասպարյանը նշել է․ «Երբ տեսնում ես քո արած գործը ու տեսնում ես շարունակություն կա, դու քեզ հաղթած ես զգում, երբ տեսնում ես՝ քո արածը կաղում է, քեզ մի քիչ հիվանդ ես զգում, ես հիմա ինձ մի քիչ հիվանդ եմ զգում»: