Ժողվարչապետը վաճառում է բնակարանը, ընդամենը 85 հազար դոլարով Դուք կարող եք ձեռք բերել հենց այդ բնակարանը` լավություն անելով անձամբ Ձեր առաջնորդին. Միհրան Հակոբյանը՝ Սերժ Թանկյանին

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Սերժ Թանկյանին: Նա մասնավորապես կիսվել է hraparak.am-ի գրառմամբ առ այն, որ Նիկոլ Փաշինյանի բնակարանը վաճառքի է հանվել, և հորդորել Թանկյանին գնել այն: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Բինգո խփելու շանս ունեք: Ժողվարչապետը վաճառում է իր բնակարանը: Իհարկե, հայտարարությունից դժվար է հասկանալ` բնակարանը Մասիս սարին նայո՞ւմ է, թե՞ ոչ, բայց միայն այն, որ բնակարանը պատկանում է ձեր լեգենդար ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության լեգենդար առաջնորդին, արդեն իսկ լուրջ հնարավորություն է Ձեր համար: Պատկերացնու՞մ եք` Դուք «մի կրակոցով երեք նապաստակ խոցելու» շանս ունեք: Ընդամենը 85 հազար ԱՄՆ դոլարով Դուք կարող եք իրականացնել ժողվարչապետին տված Ձեր լեգենդար խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Միևնույն ժամանակ` ձեռք կբերեք հենց ժողվարչապետի բնակարանը` լավություն անելով անձամբ Ձեր առաջնորդին:

 Երրորդը` Դուք կարող եք այդ լեգենդար բնակարանն օգտագործել բարեգործական նպատակներով: Ինչու՞մն է բանը. եթե ժողվարչապետը վաճառում է իր բնակարանը, ապա նոր գնորդը բնականաբար իր ձեռք բերած բնակարանից դուրս է հանելու այն կարիքավոր ընտանիքին, որին փիառվելու նպատակով բնակարանը ժամանակավոր կացության իրավունքով հանձել էին տեր և տիկին Փաշինյանները:

Դուք կարող եք գնել այս բնակարանն ու շարունակել ժողվարչապետի «բարեգործությունը»` հնարավորություն տալով այդ կարիքավոր ընտանիքին շարունակել ապրել իրենց համար արդեն հարազատ դարձած այդ բնակարանում: Ի վերջո, Դուք կարող եք ժողվարչապետին պատկանող բնակարանը ձեռք բերել ու վերածել ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության թանգարանի: Համաձայնեք, սա ճակատագրի նվեր է: Մի կորցրեք Ձեր շանսը»: