Արցախյան ողբերգության հաշվին մեկնարկեց ռուս-թուրքական <<մեղրամիսը>>…

Ընդամենը մի քանի ամիս առաջ ռուս-թուրքական ատամներն իրար պատառ-պատառ էին անում սիրիական հողի վրա, սիրիացիների արյան հաշվին: Ընդամենը մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Պուտինը Էրդողանին գրեթե մեղադրում ու գրեթե սպառնում էր վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան ներմուծելու և Հարավային Կովկասն ահաբեկչաբույնի վերածելու վտանգի պատճառով: Միջազգային ու քաղաքակրթական բոլոր նորմերի համաձայն՝ Էրդողանն ու Ալիևը պետք է կանգնեին միջազգային դատարանի առջև պատերազմական հանցագործության, միջազգային ահաբեկչության, արգելված ու քիմիական զենքեր կիրառելու համար, բայց… Ընդամենը մի քանի հեռախոսազանգից հետո ռուս-թուրքական հարաբերությունները մտան զարգացման նոր փուլ, և սկսվեց ռուս-թուրքական հերթական <<մեղրամիսը>>՝ հայկական ողբերգության գնով։ Մասնավորապես, Պուտինը ողջունել է Էրդողանի առաջարկը՝ «Եկեք միասին լուծենք Ղարաբաղյան հարցը»: Իսկ ռուսական-թուրքական լուծման դառը փորձը մի քանի անգամ ունենալով՝ դրանից շատ բան ակնկալելը միամտություն կլիներ: Ահաբեկիչների թեման մոռացության տրվեց՝ տեղը զիջելով հերթական հաշտեցմանը: Աշխարհը աչքն էլ չթարթեց, իսկ ամբողջ աշխարհին ահաբեկելու Էրդողանի փորձերը փաստորեն պարգևատրվեցին՝ ապահովելով նրան և տարածաշրջանային խաղացողի ավելի ծանր կշիռ, և ԱՄՆ-ին ու Ֆրանսիային գործընթացից դուրս թողնելու ու նրանց տեղն ինքը զբաղեցնելու փաստը: Փաստացի Թուրքիան ոչ միայն կարողացավ դառնալ հակամարտության ճակատագիրը վճռող կողմ, այլև գործընթացից դուրս թողեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, այդպիսով խնդրին հաղորդելով ռուս-թուրքական կարգավիճակ, այլև ձեռք բերեց ավելի մեծ սուբյեկտայնություն և տարածաշրջանային, և աշխարհաքաղաքական իմաստով: Ռուսաստանն էլ ստացավ կամ գրեթե ստացավ այն, ինչ ուզում էր՝ Հայաստանի կախյալ վիճակը, ԼՂ-ի կարգավիճակի գրեթե միանձնյա տնօրինումը և այն ըստ նպատակահարմարության օգտագործելու առավել նպաստավոր պայմաններ, շնորհակալությունն էլ վրադիր: Ընդամենը մի քանի օրում… էՐԴՈՂԱՆՆ ԱՄԵՆԱԿՈՇՏ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴԱՐՁԱՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ։ Այսինքն ահաբեկչությունը դառնում է բավականին կիրառելի գործիք արդի աշխարհում։ Եվ եթե նույնիսկ Ֆրանսիային դա դուր չի գալիս, Մակրոնն էլ խոսում է Ղարաբաղի բնակչության անվտանգության ու նկրտումների, ինչպես նաև Հայաստանի շահերի մասին, այնուամենայնիվ, դա առանձնապես չի փոխում պատկերը, քանի որ ունենք այն, ինչ ունենք: Իհարկե, դժվար է ասել, թե այս մերձեցումն ինչքան կտևի, բայց միանշանակ ոչ այնքան երկար, ինչպես դա հաճախ է պատահում ռուս-թուրքական հարաբերություններում: Բայց նաև, միանշանակ կարելի է ասել, որ մենք ունենք ճիշտ այդքան ժամանակ՝ պատրաստվելու և՛ դիվանագիտության, և՛ սպառազինության առումով:

Հայկանուշ Գրիգորյան