Ադրբեջանում կիրառվում են սպանություններ, խոշտանգումներ, բռնաճնշումներ. ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց է հրապարակել

ԱՄՆ Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը հրապարակել է աշխարհում 2020 թ.-ին մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ զեկույցը, որում կրկին քննադատության թիրախում են մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան:

Զեկույցը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Զեկույցում նշվում են հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարումների մասին, մասնավորապես ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի լիակատար աջակցությամբ հայ ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետ կապված:

Փաստաթղթում նաև շեշտվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կարևոր մտահոգությունները, այդ թվում `«ապօրինի կամ կամայական սպանություններ, խոշտանգումներ, կամայական կալանք, բանտարկության դաժան և երբեմն կյանքին սպառնացող պայմաններ և այլն: Լեռնային Ղարաբաղում զինված բախումների հետ կապված մարդու իրավունքների կարևոր խնդիրները ներառում են անօրինական սպանություններ, քաղաքացիական զոհեր և անմարդկային վերաբերմունք»:

Մարդու իրավունքների խախտումների մասին փաստաթղթում նշված են անցյալ տարվա հոկտեմբերին սոցիալական ցանցերում տեղադրված երկու տեսանյութեր, որոնցում ադրբեջանցի զինվորները «նվաստացնում և մահապատժի են ենթարկում Հադրութ քաղաքում գտնվող երկու ձերբակալված հայերի»: Այնուհետև ասվում է, որ տեսանյութերը գնահատվել են արժանահավատ ու իրական Bellingcat- ի, BBC- ի և Ատլանտյան խորհրդի թվային դատաբժշկական լաբորատորիայի անկախ փորձագետների կողմից: Մեջբերված մեկ այլ օրինակ կապված է Amnesty International- ի զեկույցի հետ, որը փաստում է «ադրբեջանական զինուժի կողմից երկու հայ խաղաղ բնակիչների գլխատումը»:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի հետապնդել և չի պատժել մարդու իրավունքները ոտնահարած պաշտոնյաների մեծ մասին, և որ այդ անպատժելիությունը շարունակում է մնալ խնդիր: