Թուրքական ապրանքների ներմուծումը արգելվեց ևս 6 ամսով.ArmLur.am-

ArmLur.am-ը տեղեկացավ, որ եւս 6 ամսով կերկարացվի թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան։ Այս մասին որոշման նախագիծը քիչ առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ դրեց:

Հիշեցնենք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավոր արգելվել էր այս տարվա հունվարի 1-ին նախնական վեց ամիս ժամկետով եւ հունիսի 1-ին լրացավ արգելքի ժամեկտը: Իսկ վեցամսյա արգելքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից եւ գործում է վեց ամիս ժամկետով:

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլեւ անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։

Թեեւ պաշտոնապես արգելվում է թուրքական ծագման ապրանքների ներմուծումը, բայց այնուամենայնիվ Հայաստանում առեւտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել. փոխում են հագուստի պիտակները:

Այս հարցում նրանց օգնում են «կարգոները». թուրքական հագուստն ու կոշիկը Հայաստան մտնում են չինական պիտակներով, իսկ արկղերի վրա նշված է՝ Made in China: Բացի այս, վերջերս մեր առեւտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի:

Սյունէ Համբարձումյան