ԿԸՀ-ն մերժեց Փաշինյանի գրանցումն ու ՔՊ ցուցակն անվավեր ճանաչելու մասին դիմումները

Այսօր` հունիսի 13-ին, ԿԸՀ-ն նիստի ժամանակ քննարկեց նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը: Էդգար Ղազարյանը դիմել էր ԿԸՀ`պահանջելով անվավեր ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում` վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել:

ԿԸՀ-ն Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ մերժեց վարչական վարույթի հարուցումը` ընդգծելով նաև, որ դիմումը չի ներկայացվել իրավասու անձի կողմից, այսինքն նման դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը:

ԿԸՀ-ն Էդգար Ղազարյանի դիմումի մերժման որոշումն ընդունեց 5 կողմ, 0 դեմ ձայներով:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս դիմում էր ներկայացրել ԿԸՀ, որպեսզի վերջինս դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Նաիրա Զոհրաբյանը պատճառաբանել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քարոզարշավներն ընթանում են վիրավորանքներ հնչեցնելով:

Տիգրան Մուկուչյանը այս դեպքում ևս ընդգծեց, որ դիմումը ենթակա է մերժման, քանի որ բացի մի շարք այլ հանգամանքներից նաև դիմումն իրավասու անձի կողմից չի ներկայացվել. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունն է իրավասու նման դիմում ներկայացնել»,- շեշտեց Մուկուչյանը:

ԿԸՀ խորհուրդը 5 կողմ, 0 դեմ ձայներով մերժեց Նաիրա Զոհրաբյանի դիմումը: Տիգրան Մուկուչյանը հավելեց, որ մերժման որոշումը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկվել Վարչական դատարան: