Մանկական կերերի շուկայում կրկին գնաճ է, իսկ վերահսկող չկա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մանկական կերերի շուկայում գնաճ է արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում: Ներմուծող ընկերությունները արդարանում են՝ մեղքը դարձյալ բարդելով եվրոյի եւ դոլարի փոխարժեքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիներից մեկը փոխանցեց, որ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4900 դրամից բարձրացել է՝ դառնալով 5800 դրամ: Ի դեպ, դեղատուն կա, որտեղ այն վաճառվում է 6200-6300 դրամով:

Թանկացել է նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները, հայտնի Hipp մանկական կերերը: Օրինակ, «Սիմիլակ Գոլդ» կաթնային խառնուրդը 5060 դրամից դարձել է 5560 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Nutrilon-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, որի վաճառքի գծով տնօրեն Հովհաննես Բալայանը փոխանցեց. «Մեր կերերի թանկացման պատճառը դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումն է:

Այն ապրանքատեսակները, որոնք այժմ վաճառվում են բարձր գնով, դրանք գնվել են թանկ սակագնով: Մինչեւ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներ այս բարձր գինը կպահպանվի: Այդ ամիսներին կանխատեսում կա, որ կնվազի, մեր գործընկերների հետ ներքին պայմանավորվածություն ունենք, որ այն կվերանայվի»: Ստացվում է, որ եթե եվրոյի կամ դոլարի փոխարժեքը բարձրանում է, Հայաստանում անմիջապես զգացնել է տալիս, բայց երբ իջնում են գները, ներքին շուկան դրան չի արձագանքում:

Մյուս կողմից՝ նկատենք, որ գների բարձրացման հանգամանքը պետք է Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի՝ Գեղամ Գեւորգյանի ուշադրության կենտրոնում լինի, բայց, ինչպես տեսնում եք, գները բարձրանում են ու բարձրանում, իսկ վերահսկող չկա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում