Ոստիկան, թե՞ քրեական հեղինակություն. Iammedia.am

Մեր խմբագրությունը բազմաթիվ ահազանգներ  է ստանում այն մասին,, որ Եղբայրության եվ Շեվչենկո փողոցների հատող հատվածում տեղակայված համայնքային ոստիկանության Շենգավիթի հենակետի ոստիկանը չարաշահելով իր լիազորությունները, տևական ժամանակ  գիշերները հանգիստ չի տալիս տեղի բնակիչներին:

Պարզվում է, հասարակական կարգը պահպանելու գործին ծառայող ոստիկանն ինքն է ամեն օր խախտում հասարակական կարգը։ Բնակիչները մեզ պատմեցին, որ  ոստիկանը,որի անունը Վարդան է, բարձր երաժշտության ներքո, գրեթե ամեն օր գարեջրի համտեսման երեկո է կազմակերպում:

Լուսնակարում ոստիկան Վարդանն է

Վարդանի «ծառայությունն» այսքանով չի սահմանափակվում։ Նախօրեին նա   բակում ահավոր տուրուդմփոց  է սարքել, ընդորում՝ կեսգիշերին:Մերօրյա  « Շերլոկ Հոմսը»,պարզվում է,  հանցագործ էր «բռնում»։ Ի դեպ, «օպերացիան» իրականացնելիս ոստիկանը ոչ թե համազգեստով է եղել, այլ՝ «շորտիկով»։ Իսկ թե ինչ պատիժ է կիրառել նա ենթադրյալ հանցագործի նկատմամբ,  թաղամասի բնակիչները միայն ենթադրում են, քանի որ ոստիկանը որոշել է հաշվեհարդարը հենց հենակետում կազմակերպել և բնակիչներին միայն աղմուկի ձայնն է հասանելի եղել:

Բնակիչների խոսքով՝ հենակետը  ընդհանրապես ըստ նշանակության  չի աշխատում․հերթափոխեր գրեթե չկան: Տարածքի «տեր ու տիրակալը» հատկապես գիշերային ժամերին Վարդանն է,  նա նաև վերոնշյալ տարածքի  բնակիչ է։  Ի դեպ, ամենակարող ոստիկանը գտել է շանտաժի միջոցով  բնակիչներին լռեցնելու ձևը՝պարբերաբար բնակիչներին տեղեկացնում է, որ ինքն է այստեղ որոշումներ կայացնում, չմոռանալով հիշեցնել, թե իբր սուր աչք ունի, ամեն ինչ տեսնում է, բայց կան բաներ, որոնց վրա աչք է փակում։

Ահազանգող քաղաքացիները նշեցին նաև, որ  սրանք ընդամենը պատառիկներ են ոստիկանի գործողություններից և պահվածքից։ Նրանք հույս հայտնեցին, որ խմբագրությունը  հետևողական կլինի  և իրենց խնդիրը քննության առարկա կդառնա նաև ոստիկանության բարձր ատյաններում: Իսկ մինչ այդ իրենք չեն հասկանում ոստիկանի հետ գործ ունեն, թե՞  քրեական հեղինակության: