Հակառակորդը կրակել է Կութ գյուղի վրա, վնասվել են տների տանիքները

Երեկ երեկոյան՝ օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Տեղեկությունը «Արմենպրես»-ի զրույցում հաստատեց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակել է մարդկանց տների վրա՝ վնասելով տանիքները:

«Մի քանի տանիք է ծակվել, մի քանի տան պատերն են քերծվել: Փառք Աստծո, ուրիշ վնաս չի եղել», – «Արմենպրես»-ի ասաց Կութի համայնքապետը՝ հավելելով, որ իր տպավորությամբ՝ թշնամին դիտավորյալ հենց գյուղի ուղղությամբ էր կրակում:

Չիտչյանի խոսքով՝ կրակոցները եղել են 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Բարեբախտաբար, այդ ժամին դրսում ոչ ոք չի եղել և բնակիչներից որևէ մեկը չի տուժել: Կրակել են հրաձգային տարբեր զինատեսակներից՝ ինքնաձիգ, գնդացիր: Դրանից հետո կրակոցներ կամ այլ միջադեպեր չեն եղել:

Այս պահին ընդհանուր վիճակը գյուղում, Սիմա Չիտչյանի խոսքով, հանգիստ է: