Տնօրինությունը սպառնացել է հիվանդանոցի աշխատակիցներին՝ձեզ համար ավելի վատ է լինելու

Մեր տեղեկություններով՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների հոնվարի 10-ի բողոքի ակցիայից հետո տնօրինությունում սպառնացել են բուժաշխատողներին՝ ասելով. «ձեր համար ավելի վատ է լինելու, ինչքան ուզում եք բողոքեք»։ Նրանք բուժաշխատողներին առաջարկել են ազատման դիմումները գրել իրենց կամքով, քանի որ աշխատանքային օրենսգրքում դրույթ կա, որի համաձայն իբր նրանց հանգիստ կարող են կրճատել: Երեկ փորձեցինք հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Նաիրա Ստեփանյանից պարզաբանում ստանալ այսմասին,սակայն նա զանգի երկու ազդանշանից հետո անջատում էր հեռախոսը, իսկ հետո ընդհանրապես չպատասխանեց:

Մեզ տեղեկացրին, որ մինչ այդ էլ  դահլիճում ժողով են հրավիրվել, որին ներկա է եղել ԲԿ-ի տնօրեն Վարդան Ավագյանը: Աշխատակիցների խոսքով՝ իրենք դեմքով երբեք չեն ճանաչել տնօրենին, քանի որ այդ օրն առաջին անգամ էին տեսնում։ Վերջինս, լսելով իրենց աշխատանքից անհիմն ազատելու մասին աշխատակիցների դժգոհությունները, չքմեղացել է՝ ասելով, թե ինքը տեղյակ չի եղել այդ մասին: Այդ, մեղմ ասած՝ իբր անմեղսունակ «անտեղյակությունը» զայրացրել է աշխատակիցներին, ովքեր իրենց հերթին խաղաթղթեր են բացել՝ հայտարարելով. «Երբ քովիդի բուժմանն ուղղված բարերարների գումարները գրպանում էիք ու մեզ ստիպում եթերում բարձրաձայնել միայն բարեգործության մասին, որպեսզի հիվանդանոցին օգնած մարդիկ լսեին, չէի՞ք մտածում մեզ աշխատանքից հեռացնելու մասին:»: Աշխատակիցները մեզ հետ զրույցում բարձրաձայնեցին նաև այլ մտահոգություններ՝ երկարամյա վերանորոգումից հետո ի՞նչ կկատարվի ինֆեկցիոն հիվանդությունների բուժման ոլորտում: Իսկ ամենաանհանգստացնողն այն է, որ այսօր հանրապետությունում ՁԻԱՀ-ով վարակված երեխաներ կան, ինչի մասին դարձյալ ոչինչ չեն ասում…»։

Հիշեցնենք, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը եւ ՁԻԱՀ–ի կենտրոնը անցյալ տարի միավորվել էին:

Blic.am