Պեկինի խաղերը լավագույններից էին. դահուկավազքի հավաքականի մարզիչն անցնող մրցաշրջանի մասին

Հայաստանի դահուկավազքի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը անցնող մրցաշրջանը համարում է միջին մակարդակի արդյունքով մրցափուլ:

«Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը, չեմ վախենա ասել, լավագույններից մեկն էր կազմակերպվածության առումով և դահուկուղու առումով: Եղել եմ նախորդ մի քանի խաղերին, սակայն այս խաղերը իսկապես այլ մակարդակի էին: Միքայելի ելույթը վատը չէր, թեպետ խաղերին դահուկավազքում ունեինք երեք մասնակից, կարող էինք ավելին ունենալ: Կորոնավիրուսի պատճառով մենք Պեկին էինք մեկնել փոքր թիմով, ինչը իր հետևանքն ունեցավ ընդհանուր արդյունքների վրա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Միքայելյանը:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով` Միքայել Միքայելյանը Օլիմպիական խաղերում աշխարհի առաջատար դահուկորդների հետ պայքարում 47-րդն է. մեզ նման պետությունների համար դա միջին արդյունք է:

Միքայելյանն անդրադարձավ նաև աղջիկներին, որոնք մասնակցեցին Պեկինի ձմեռային խաղերին՝ շեշտելով, որ կանանց մոտ թույլ է հիմքը, և նրանք լուրջ պայքար չեն կարող մղել նմանատիպ խոշորամասշտաբ մրցաշարերում:

«Ընդհանուր մրցաշրջանն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ Միքայելը լուրջ հավակնություններ ուներ Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում, բայց Օլիմպիական խաղերից հետո օդի փոփոխությունը և կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվար տեղաշարժն ազդեց նրա վրա: Նա այժմ էլ շարունակում է մարզումները և նախապատրաստվում արդեն հաջորդ տարվան»,- առանձնացրեց մարզիչը:

Արթուր Միքայելյանը մարզաձևում առկա խնդիրներից առանձնացրեց այն, որ Աշոցքը Հայաստանում այն հիմնական բազաներից մեկն է, որտեղից դուրս եկող մարզիկները «առյուծի բաժին» մեդալներն են նվաճում Հայաստանի առաջնությունում և ներկայացնում են երկիրը միջազգային մրցաշարերում: Սակայն Աշոցքում չկա մարզադպրոց, որը կծառայի մարզաձևի առավել մասսայականացմանը: