ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիքի մարզ. տվել է ցուցումներ և հանձնարարականներ

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:
Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:

Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:
Պաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: