Զասը տեղեկացրել է բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին. Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից

Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ ընթացիկ գործունեությանը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքին ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցին։

Երկուստեք ընդգծվել է Կազմակերպության ներուժի զարգացման համատեքստում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը շեշտել է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված ջանքերի շարունակականության անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարն անդադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ընթացքում Ստանիսլավ Զասը ներկայացրել է ՀԱՊԿ գոտում անվտանգության իրավիճակն ու առկա մարտահրավերները և տեղեկացրել ՀԱՊԿ շրջանակներում բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի։