Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և մի շարք երկրների ղեկավարներին ու ժողովուրդներին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի, Լուգանսկի ղեկավարներին և քաղաքացիներին, ինչպես նաև՝ Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին։ Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հրապարակման մեջ։

«Այսօր մեր ընդհանուր պարտքն է կանխել նացիզմի վերածնունդը, որն այդքան տառապանք բերեց տարբեր երկրների մարդկանց։ Պետք է պահպանել և սերունդներին փոխանցել պատերազմական տարիների իրադարձությունների, ընդհանուր հոգևոր արժեքների և եղբայրական բարեկամության ավանդույթների մասին ճշմարտությունը»,- ասվում է ՌԴ նախագահի ուղերձում։

Պուտինը նոր սերունդներին մաղթել է, որ արժանի լինեն իրենց հայրերի ու պապերի հիշատակին։