Կալանավորներին սպառնում են՝ եթե նրանց ընտանիքները մասնակցեն ընդդիմության կազմակերպած հավաքներին, լավ չի լինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ է ստացել մի կալանավորից, որ մեզ տեղեկացրել է, թե ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, մեզ ահազանգած կալանավորը հայտնեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները ճնշման են ենթարկում կալանավորներին՝ կոնկրետ պահանջներ ներկայացնելով, որ եթե կալանավորների ընտանիքները մասնակցեն ընդդիմության կազմակերպած հավաքներին, ազատազրկվածների համար լավ չի լինի:

Անգամ կալանավորը ուշագրավ դեպք պատմեց, որ ՔԿՀ աշխատակիցները հրահրում են բախումներ կալանավայրում: Լավ իմանալով, թե որ կալանավորներն ու դատապարտյալներն են, որ դեմ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրանց դավաճան են համարում, բախվում են այլ կարծիք ունեցող կալանավորների եւ դատապարտյալների հետ: Ասել է թե՝ բողոքի ակցիաները մտել են նաեւ քրեակատարողական հիմնարկներ:

Կալանավորի ահազանգի մասով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում