Ապօրինի հավկիթները վաճառվում են, իսկ հետևող չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է չտիրապետել իրավիճակին: «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 19-ի համարում գրել էր, որ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովն այս տարվա ապրիլի 5-ին «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում էր կայացրել: Խոսքը վերաբերում է նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկային, որոնք երկուսն էլ «էկո» ապօրինի մակնշմամբ հավկիթ էին վաճառում: Եվ ավելին՝ հանձնաժողովը հանձնարարել էր նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից, սակայն դա չի արվել:

Այսպիսով, մեր հրապարակումից օրեր անց կրկին դիմել ենք Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ փորձելով հասկանալ, թե ինչ է արվել, սակայն հանձնաժողովից պատասխան ստացանք, որ ընկերություններին տրված մեկ ամիս ժամկետը դեռ չի ավարտվել: Եվ հենց սա է ուշագրավը. ստացվում է՝ հանձնաժողովը վաճառքն արգելելու որոշում է կայացրել, սակայն չի հետեւում իրականացման ընթացքին՝ ասելով, թե մեկ ամիս ժամանակ կա: Իրականում այդ մեկ ամիսն արդեն բավական է, որ ընկերությունները վաճառեն ապօրինի ողջ արտադրանքը:

Այս փաստից զատ, «Շիրակ» եւ «Արզնի» թռչնաֆաբրիկաներն այժմ 25 դրամով հավկիթ են վաճառում, որը հանգեցնելու է այլ ընկերությունների՝ շուկայից դուրս մղմանը: Հիշեցնենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է ՔՊ-ի «սրտի օլիգարխներից» մեկին՝ Նարեկ Նալբանդյանին, որը գնել է «Գոլդեն Փելիս»-ն ու Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, իսկ, ահա, «Արզնի» թռչնաֆաբրիկան պատկանում է Գեղամ եւ Արմեն Ջանվելյաններին:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում