«Հայանտառ» ՊՈԱԿ-ում կվերանայվի կադրային քաղաքականությունը

Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում 2021թ. դեկտեմբերին ուսումնասիրվել էին «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները:

Ինչպես տեղեկացնում են Դատախազության հանրային կապերի բաժնից, պարզվել էր, որ զանազան անտառխախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար նախկինում դատապարտված կամ նույնպիսի արարքների համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից պաշտոնավարման պրակտիկան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում շարունակվում է: Ընդ որում, այդպիսի անձինք զբաղեցնում են նաև անտառտնտեսության բարձր պաշտոններ:

Ակնհայտ է, որ այս իրավիճակի պահպանման պայմաններում շարունակում է բարձր մնալ այդպիսի անձանց կողմից պաշտոնեական նոր հանցագործություններ կատարելու, կոռուպցիոն հարաբերությունների մեջ մտնելու, դրանով իսկ նաև ապօրինի անտառահատումների դեմ պետության կողմից որդեգրված կոշտ քաղաքականության արդյունավետությունը նվազեցնելու ողջամիտ ռիսկը: Վերջինս կարող է հասարակության մոտ անվստահություն հարուցել պետության ստանձնած՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հանձնառության լրջության հանդեպ:

Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը 2021թ. դեկտեմբերի վերջին միջնորդագրով դիմել էր «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ ձեռնարկելու միջոցառումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի տարածքային մասնաճյուղերում քրեական նման հետագիծ ունեցող անձանց պաշտոնավարման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Մարզի դատախազի միջնորդագիրը քննարկվել է: Միջնորդագրի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից ստացված պատասխան գրությամբ հայտնվել է, որ միջնորդագրով բարձրացված խնդիրները մանրամասն ուսումնասիրվել են: Հաշվի են առնվել ինչպես բացթողումների վերաբերյալ մարզի դատախազության դիրքորոշումները, այնպես էլ նախկինում հանդիպած նմանատիպ խնդիրները: Կազմակերպության համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է հետայսու հետևողականություն ցուցաբերել կադրային քաղաքականության հարցում:

Մասնավորապես՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կազմակերպության բոլոր մասնաճյուղերի տնօրեններին իջեցվել է հանձնարարական՝ հետայսու, նախքան մասնաճյուղերում նոր աշխատակիցներ աշխատանքի ընդունելու համար միջնորդություն ներկայացնելը, հնարավոր միջոցներով ճշտել՝ արդյոք տվյալ անձն ունի դատվածություն կամ անցնում է անտառխախտումների կամ իր ծառայողական պարտականությունների անբարեխիղճ կատարման հետ կապված որևէ քրեական գործով՝ որպես կասկածյալ կամ մեղադրյալ:

Հանձնարարականով դրվել է պահանջ՝ նաև աշխատանքի ընդունվելու դիմում ներկայացնելիս դիմումատուից պահանջել տրամադրել նաև ստորագրությամբ հաստատված գրություն առ այն, որ դիմումատուն չունի դատվածություն կամ չի անցնում որևէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ անտառխախտումների կամ իր ծառայողական պարտականությունների անբարեխիղճ կատարման հետ կապված:

Ապօրինի ծառահատումների, դրանց հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից այս կարևոր միջոցառումները, դրանց հետևանքները շարունակելու են գտնվել Դատախազության ուշադրության կենտրոնում՝ իր գործառույթների իրացման շրջանակներում: