Ով է քննելու Երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործը.

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018 թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին և բժշկին և թարգմանչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: