Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները բարձրացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում էլի բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչեւ տարեվերջ ավելի են բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում:

Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն գերազանցում էր 1600 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 730 հազար դրամով, մինչդեռ մարտին այն կազմել է 715 հազար 600 դրամ, այսինքն` մեկ ամսվա ընթացքում 14 400 դրամով թանկացել է: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 10 900 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 8050 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 375 հազար 300 դրամով, Ավանում` 325 հազար 600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 328 հազար դրամով, Նոր-Նորքում` 322 հազար դրամով:

Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ մարտին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 197 հազար դրամ, իսկ ապրիլին՝ 200 հազար դրամ։ Մասնագետների խոսքով՝ թանկացել են ոչ միայն բնակարաններն ու տները, այլեւ վարձակալության ծառայության գինն է բարձրացել: Այս տարեսկզբից գրեթե 50 տոկոսով բարձրացել են վարձու բնակարանների վճարները՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին Ռուսաստանից եկողների հոսքը փոքր-ինչ պակասել է: Բացի այս, դոլարի փոխարժեքի տատանումները եւս նպաստում են անշարժ գույքի գնաճին. այս դեպքում քաղաքացիների մեծ մասը նախընտրում է ներդրումներ կատարել հենց այս շուկայում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում