Կեղծ տեղեկանքներով պաշտոնների են նշանակվում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը մարզում իր մտերիմներին կեղծ տեղեկանքներով պաշտոնների է նշանակում: Քաղաքական իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա Սյունիքի մարզում ինչ ուզում, ոնց ուզում, անում է:

Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն իր մտերիմ մարդկանցից մեկին՝ ՔՊ աջակից Դավիթ Մարգարյանին, նշանակել է տվել Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության ՀՈԱԿ-ի տնօրեն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեղեկություն է եղել, որ նա համայնքապետարանի կեղծ փաստաթուղթ է ներկայացրել իր՝ տնօրեն նշանակման համար: Մասնավորապես, նա տեղեկանք է ներկայացրել, որ ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշենի քաղաքում գտնվող «Սպայկա կազմի տուն» ԲՍԸ-ում քլինինգի գծով գլխավոր «բրիգադիրի» պաշտոնում աշխատել է երեք տարի եւ ունի աշխատանքային փորձ:

Արդյունքում գործին խառնվել են իրավապահները, եւ տեղեկանքի իսկությունը պարզելու նպատակով գրություն է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն «Սպայկա կազմի տուն» ԲՍԸ-ին, որտեղից ի պատասխան հայտնել են, որ Դավիթ Մարգարյան անձը իրենց հաշվառումներով չի անցնում, եւ քլինինգի գծով գլխավոր «բրիգադիրի» հաստիք չեն ունեցել, եւ կնիքները չեն համապատասխանում:

Իրավապահները ՀՀ քրեական օրենսգրիքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցել են քրեական գործ, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական բաժնում:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կարեն Համբարձումյանի հետ՝ պարզելու համար, թե նա ինչ կապ ունի Դավիթ Մարգարյանի նշանակման եւ կեղծ տեղեկանք ներկայացնելու հետ: Ի պատասխան վերջիսն հայտնեց. «Ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Եթե որեւէ մեկը սխալ բան է արել, պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում