Համահայկական ամառային ութերորդ խաղերը կմեկնարկեն Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ,  13 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին. խաղերի մեկնարկի մասին ազդարարվեց  Շիրակի մարզպետարանում: Շիրակի մարզպետը հուլիսի  13 -ին ընդունեց Հայաստան համահայկական խաղերի պատասխանատուներին` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի նախագահությամբ։

Հանդիպմանը ներկա էր նաև  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ողջունելով խաղերը Գյումրիում անցկացնելու գաղափարը՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ընդգծեց, որ քաղաքն ու մարզը կկարողանան ըստ պատշաճի այդ ամենը կազմակերպել՝ մոբիլիզացնելով ողջ ուժերը:

«Այս հանդիպումը համարենք Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը: Ուզում եմ շնորհավորել գյումրեցիներին, պարտավորեցնող է Համահայկական խաղերի բացումը անելը ցանկացած քաղաքում, իսկ Գյումրին միաձայն ընտրվել է խաղերի բացման մայրաքաղաք: Պետք է տեսնենք, թե ինչ հնարավորություն ունենք Գյումրիում մարզական խաղերը անցկացնելու,   քանի որ ունենք 17 մարզաձև: Վստահ եմ, որ հանրապետության ամենամարզական քաղաքում խաղերը լավ կանցկացվեն»,- նշեց Իշխան Զաքարյանը:

Ներկայացնելով խաղերի անցկացման տարեգրությունը՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ 1999 թվականին անցկացվող խաղերին մասնակցում էր 1141 մասնակից՝  23 երկիր՝ 7 մարզաձև,  իսկ 2015 թվականին արդեն արձանագրվել է 6540 մասնակից: Համահայկական 7-րդ խաղերն անցկացվեցին Ստեփանակերտում՝ ունենալով 5244 մասնակից: Այս ընթացքում անցկացվել է նաև մեկ ձմեռային խաղեր՝ Ծաղկաձորում: «Որոշում ենք կայացրել, որ ամառային 8-րդ խաղերից անմիջապես հետո պատրաստվում ենք ձմեռային երկրորդ խաղերին՝ կրկին Ծաղկաձորում»,-նշեց Իշխան Զաքարյանը՝ ընդգծելով, որ խաղերը բացարձակապես ապակուսակցական հենքի վրա է դրված, և դրանց միջոցով լավագույնս է իրականացնում Հայաստան-Սփյուռք կապը:

Նշվեց, որ որոշ մարզաձևերի մրցումներ անցկացվելու են Արագածոտնի մարզում, իսկ փակման հանդիսավոր արարողությունը կլինի Երևանում:

Ներկայացնելով մարզի կարողությունները՝ նշվեց որ Գյումրիում օդանավակայանի ու երկաթուղու առկայությունը առավելություն է: Այս ընթացքում մարզային ու քաղաքային կառույցները կաշխատեն ենթակառուցվածքների ու մարզական կառույցների կարողություններն ու ներուժը զարգացնելու ուղղությամբ։