Մանվելական կամայականություններից մինչև հետհեղափոխական քաոս

Թավշյա իշխանությունների կառավարման ընթացքում միակ բանը,որ ամենայն հաջողությամբ իրականացվել է առանց որևէ ձախողման, գործող պետական կառավարման համակարգը քայքայելն էր: Եթե նախկինում մարզպետարաններն ու քաղաքապետարանները մի շարք վարչություններ ունեին, որոնց միջոցով գոնե մասամբ կարգավորվում էին ներհամայնքային խնդիրները, ներկա կառավարությունը լուծարեց դրանցից շատերը: Արդյունքում մի շարք ոլորտներ մնացին, մեղմ ասած՝ բարձիթողի վիճակում: Մասնավորապես, Էջմիածին քաղաքի բնակիչները հաճախ են բախվում խնդիրների մասնավոր տաքսիներից օգտվելիս: Նրանք դժգոհում են, որ Էջմիածին-Երևան երթուղու մասնավոր տաքսիների վարորդները պարբերաբար թանկացնում են ծառայության գները, չնայած հարկային դաշտում պաշտոնապես գրանցված չեն ու ոչ մի լումա չեն վճարում պետբյուջե: Հերթական թանկացման ֆոնին մեկ ուղևորի համար նախատեսված ուղեվարձը դարձել է 500 դրամ, նախկին 400 դրամի փոխարեն: Ավելին, վարորդների գերակշիռ մասը վազանց կատարելու համար մեքենան վարում է չթույլատրվող արագությամբ, մեծամասամբ՝ անսարք մեքենաներով, ղեկի մոտ ծխելով և բազմաթիվ այլ խախտումներով… Դե, իսկ բախտի բերումով ուղևորին տեղ հասցնելն արդեն հաջողություն կարելի է համարել հարյուրավոր ուղևորների համար:

Քաղաքացիներին հուզող խնդրի հետքերով փորձեցինք պարզաբանում ստանալ Արմավիրի մարզպետարանից ու Էջմիածնի քաղաքապետարանից, սակայն այնտեղից մեզ ուղղորդեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, պատճառաբանելով, որ իրենց մոտ տրանսպորտի վարչությունները վաղուց լուծարվել են:

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն էլ, մեր զանգին ի պատասխան՝ հարցը լսելու փոխարեն փորձեց ճշտել իր անձեռնմխելիության սասանման հանգամանքները. նախ հետաքրքրվեց, թե իր հեռախոսահամարը ումից ենք իմացել: Եվ ապա՝ «Ինչու՞ իմ համաձայնությունը չեն հարցրել, նոր փոխանցել հեռախոսահամարս, մի՞գուցե ես համաձայն չէի: Լավ կլինե՞ր՝ ձեր հեռախոսահամարը ես բոլորին բաժանեի»,-զայրացավ նա: Երբ հակադարձեցինք, որ հեռախոսահամար ունենալը պետական գաղտնիքի բացահայտում չէ, որ ՀՀ քաղաքացիները կարող են և իրավունք ունեն զանգահարել թե՛ լրագրողին,  թե՛, առավել ևս, պետական պաշտոնյային, ով ի պաշտոնե առաջին հերթին պետք է պաշտպանի պետության և նրա քաղաքացիների շահերը, Սիմոնյանը կարճ պատասխանեց.«Պարզաբանում ստանալու համար դիմենք ՏԿԵ մամուլի պատասխանատուին»: Պարզվեց ՝մասնավոր տաքսիները ՏԿԵ  նախարարությունում գրանցված չեն:  Այսինքն՝ ոլորտում կատարյալ քաոս է տիրում, և այս քաոսը որևէ կառույց չի էլ փորձում համակարգել: Բախվելով այս աստիճանի բարձիթողիության՝ ակամա երկմտում ես.ոլորտի պատասխանատունե՞րն են ձեռքները լվացել, թե՞ կառավարող համակարգը պարզապես թքած ունի հասարակության խնդիրների վրա և զբաղված է միայն պետությունը սեփական կուսակցության ու գրպանի շահերին ծառայեցնելուն: Եվ առհասարակ, պետական պաշտոնյան մի՞թե գոնե մոտավոր պատկերացում չունի իր իրավունքների ու պարտականությունների  սահմանների, իր պատասխանատվության, էլ չեմ ասում՝ լրագրող-պաշտոնյա հաղորդակցության մակարդակի ու նպատակների մասին:

Զրուցեցինք նաև Էջմիածին-Երևան երթուղու մասնավոր տաքսիների վարորդների հետ: Նրանց բավական անկեղծորեն զարմացրեց մեր այն հարցը, թե ինչու՞ գրանցված չեն աշխատում: «Ինչու՞ պիտի գրանցվենք, ավել գումարներ ունե՞նք, որ տանք»: «Իսկ Մանվել Գրիգորյանին ինչու՞ էիք 5000-ական դրամ տալիս»,- մեր փաստարկ-հարցին պատասխանեցին. «Մանվելից վախենում էինք, մուծվում էինք»:

Փաստորեն այն, ինչ հաջողվեց պարզել, կարելի է հակիրճ ձևակերպել այսպես. մանվելական կամայականություններին հաջորդել է հետհեղափոխական բարձիթողիությունը: