Հրշեջ-փրկարարները մարել են Ծովագյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որը կարճ ժամանակում մեկուսացվել, այնուհետև՝ մարվել է հրշեջ-փրկարարների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 20-ին ժամը 09։25-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ են ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Ծովագյուղ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10։47-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), խոհանոցի, հյուրասենյակի, միջանցքի գույքը և առաստաղը: