ՊՆ ծառայողը Opel-ով բախվել է բետոնե պատնեշին ու ծառին. 2 զինծառայողների կյանքը փրկել չի հաջողվել

Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Ֆահրադ Հակոբյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե պատնեշին ու ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ֆ. Հակոբյանն ու ուղևոր` Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Սուրեն Փիրումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ռազմիկ Հակոբյանը տեղում մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավելի ուշ «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ս. Փիրումյանը՝ գիտակցության չգալով, մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդն ու մահացածները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: