Պաշտոնյաները չեն կարող նվեր ընդունել. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում:

Օրենքում դրույթ կամրագրվի, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պետք է ապահովեն, որ իրենց ընտանիքի անդամները եւ իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ:

Ընդ որում՝ «Ժողովուրդ» օրաթերթը նախագծից տեղեկացավ, որ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն:

Հիմա հետաքրքիր է՝ ինչ են անելու հեղափոխական իշխանիկները, որոնք անգամ շոր հագնելու խնդիր ունեին, իսկ հիմա բրենդային ապրանքանիշներից են միայն օգտվում:

Ամբողջությամբ հոդվածը`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում