Ադրբեջանում խտրական քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով. Արցախի ՄԻՊ

Գոհունակությամբ ենք նշում, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը․ գրում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Կոմիտեի արձանագրած մտահոգությունները ազգությամբ և ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումների ու ռասիստական կարծրատիպերի քարոզչության վերաբերյալ՝ այդ թվում Ադրբեջանի պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև պատշաճ հետաքննության բացակայությունը լավագույնս վկայում են այն մասին, որ Ադրբեջանում խտրական քաղաքականությունը իրականացվում է պետական մակարդակով։

Կոմիտեի կողմից մատնանշված մյուս բոլոր դեպքերը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում արտադատական սպանությունները, խոշտանգումները, դաժան վերաբերմունքը և կամայական կալանավորումները, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը իրականացվում են համաձայն Ադրբեջանի պետական խտրական քաղաքականությանը և որպես դրա շարունակություն։

Կոմիտեի կողմից ներկայացված դիտարկումները մաս են կազմում տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող Ադրբեջանի համակարգային և լայնածավալ խտրական քաղաքականությանը։ Պետական մակարդակով Ադրբեջանի խտրական քաղաքականության իրականացումը վկայում է, որ Արցախի ժողովրդի ընտրած ուղին և անկախ պետականության կառուցումը այլընտրանք չունեն։

Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը հասունացել է՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառման վերաբերյալ միջազգային հանրության կողմից ստանձնած պարտավորության իրականացման դրսևորում»։